Պուտինը հայտարարել է, որ Բելառուսում միջուկային զենքը կտեղակայվի հուլիսի 7-8-ից հետո
Ռուսական միջուկային զենքի տեղակայումը Բելառուսում կսկսվի անմիջապես այն բանից հետո, երբ հուլիսի 7-8-ին ավարտվի դրա տեղակայման վայրի նախապատրաստումը: Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը։
«Ամենազգայուն հարցերի վերաբերյալ, որոնց շուրջ մենք պայմանավորվել ենք Ձեզ հետ, ամեն ինչ ընթանում է՝ ըստ պլանի: Դուք գիտեք, հուլիսի 7-8-ը կավարտվի համապատասխան ենթակառուցվածքների պատրաստումը: Եվ անմիջապես կսկսենք միջոցառումները՝ կապված ձեր տարածքում համապատասխան զենքի տեսակների տեղակայման հետ։ Այնպես որ, ամեն ինչ ընթանում է՝ ըստ պլանի, ամեն ինչ կայուն է», – ասել է Պուտինը:
Կրեմլի ղեկավարը հավելել է, որ անվտանգության հարցերի շուրջ Լուկաշենկոյի հետ կզրուցի «դեմ առ դեմ»:
«Ընդհանուր առմամբ, վիճակը կայուն է, ես նույնիսկ կասեի՝ լավ է: Մենք վստահորեն փոխգործակցում ենք այս ոլորտում», – նկատել է նա։
Սոչիում Պուտինի և Լուկաշենկոյի զրույցը տեղի է ունեցել ոչ պաշտոնական միջավայրում՝ ՌԴ նախագահի «Բոչարով Ռուչեյ» նստավայրի պատշգամբում ընթրիքի ժամանակ։