Գայանե Հակոբյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, բայց կալանքից ազատվեց դատարանի դահլիճից. Գործի քննությունն ավարտվեց

Այսօր Երևանի քրեական դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում դատավոր Մանվել Շահվերդյանը պիտի հրապարակեր զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի գործով վերջինիս պաշտպանների՝ իրեն ինքնաբացարկ հայտնելու որոշումը: Հարցը, սակայն, ինչպես հետո պարզվեց, անգամ չի դրվել քննարկման. Իմաստ չի ունեցել:

Հիշեցնենք՝ Գայանե Հակոբյանը մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով:

Մինչ դատական նիստի մեկնարկը, պարզվեց, որ դատարանը քննում է դատական նիստը դռնփակ անցկացնելու միջնորդությունը: Գայանե Հակոբյանի պաշտպանական թիմի անդամ Վարդուհի Էլբակյանը նկատեց՝ իրենք նման միջնորդությամբ հանդես չեն եկել, իրենց համար սա անակնկալ էր: Աշոտ Փաշինյանը նույնպես ասաց, որ ինքն էլ հանդես չի եկել նիստը դռնփակ անցկացնելու միջնորդությամբ:

Տևական ժամանակ անց դուրս եկան Գայանե Հակոբյանի պաշտպաններ Հովսեփ Սարգսյանն ու Գեորգի Մելիքյանն ու հայտարարեցին՝ Գայանե Հակոբյանի պաշտպանությունից փոխադարձ համաձայնությամբ հրաժարվել են:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ արդեն երկրորդ պաշտպանական թիմն է հրաժարվում Գայանե Հակոբյանի պաշտպանությունից. Ավելի վաղ նման հայտարարությամբ հանդես էին եկել Վահան Հովհաննիսյանն ու Ռուբեն Մելիքյանը:

Հովսեփ Սարգսյանն ու Գեորգի Մելիքյանն ասացին՝ իրենց միջև հակասություն առաջացել է այս դատական նիստի ընթացքում: Իրենք ցանկացել են հասնել Գայանե Հակոբյանի՝ արդարացման հիմքով ազատ արձակմանը, ինչին վերջինս, թերևս, համաձայն չի եղել:

Գայանե Հակոբյանի վերաբերյալ վարույթի քննությունը ՀՀ պատմության մեջ թերևս ամենակարճ նախաքննություն ու դատաքննություն ունեցող գործն էր: Քիչ առաջ այս գործով հրապարակվեց դատական ակտ:

«Դատարանը վճռեց Ազգուշ Մարտիրոսյանին (Գայանե Հակոբյան,- Գ.Ս.) մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և դատապարտել ազատազրկման 4 տարի ժամկետով…Վերջնական ազատազրկում թողնել 3 տարի 11 ամիս ժամկետով: Նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանել փորձաշրջան մեկ տարի ժամկետով: Ազգուշ Մարտիրոսյանի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության տարածքային մարմնին»,- վճռի եզրափակիչ մասը կարդաց դատավոր Մանվել Շահվերդյանը՝ հավելելով, որ առանց թույլտվության երկիրը տիկին Գայանեն լքել չի կարող, իսկ հիմա անհապաղ ազատվում է կալանքից ու հենց դատարանի դահլիճից կգնա տուն:

Ի դեպ, մեր տեղեկություններով՝ զոհվածների ծնողների համար անակնկալ է եղել դատարանում այսօր տեղի ունեցածը:

Տեսանյութեր

Լրահոս