
Հայաստանը շարունակում է քայլեր ձեռնարկել միջուկային էներգիայի հեռանկարային օգտագործման ուղղությամբ. Փաշինյան

Հայաստանը շարունակում է քայլեր ձեռնարկել միջուկային էներգիայի հեռանկարային օգտագործման ուղղությամբ՝ երկարացնելով Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի նախագծային ժամկետը և աշխատանքներ տանելով նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ։
Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական կոնգրեսում ունեցած ելույթում:
Վարչապետը կարևորոեց շարունակել աշխատանքը՝ ածխածնային չեզոքության հասնելու և կանաչ օրակարգով շարժվելու ուղղությամբ: Կանաչ տնտեսությունը այլընտրանք է գերիշխող տնտեսական մոդելի, որն առաջացնում է ռեսուրսների սակավություն և վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի համար: Փաշինյանը պատահական չհամարեց, որ այդ հարցերը հաստատապես ներառված են ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական օրակարգում։
«Հայաստանի կանաչ էներգետիկայի քաղաքականությունն առաջին հերթին ուղղված է ջերմոցային գազերի արտանետումների ապաածխածնացմանն ու սահմանափակմանը, էներգիայի արտադրության համար վերականգնվող և այլընտրանքային աղբյուրների օգտագործման զարգացմանը, էներգաարդյունավետ և ռեսուրս խնայող տեխնոլոգիաների ներդրմանը, գիտատար նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը, ինչպես նաև գլոբալ կլիմայական օրակարգում երկրների միջազգային պարտավորությունների կատարմանը»,-ասաց Փաշինյանը:
Խոսելով վերականգնվող էներգիայի ներուժի զարգացման մասին՝ վարչապետը նշեց, որ վերականգնվող էներգիայի աղբյուրները, ինչպիսիք են արևային, քամու և հիդրոէներգիան, հսկայական ներուժ ունեն՝ տնտեսական աճը և տարածաշրջանի կայուն զարգացումը խթանելու համատեքստում: Ներդրումներ կատարելով վերականգնվող էներգիայի մեջ՝ կարելի է նպաստել կլիմայի փոփոխության դեմ պայքարի գլոբալ ջանքերին:
«Բացի վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացումից, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև միջուկային էներգիային, որը մաքուր, ապաածխածնացված էներգիա է։ Ատոմային էներգետիկայի զարգացումը կարևոր է նաև միության երկրների էներգետիկ անվտանգության և անկախության ապահովման տեսանկյունից։ Այդ նպատակով մենք շարունակում ենք քայլեր ձեռնարկել միջուկային էներգիայի հեռանկարային օգտագործման ուղղությամբ՝ երկարացնելով Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի նախագծային ժամկետը և աշխատանքներ տանելով նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ»,-ընդգծեց Հայաստանի վարչապետը: