Հռոմի Ֆրանցիսկոս պապը վիրահատության է ենթարկվել
Հռոմի Ֆրանցիսկո պապն այսօր Հռոմի հիվանդանոցում ընդհանուր անզգայացման տակ վիրահատության է ենթարկվել՝ 2021 թ.-ին արված վիրահատությունից առաջացած ճողվածքը վերականգնելու համար: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Նախքան վիրահատությունը 86-ամյա Ֆրանցիսկոս պապը Վատիկանի սուրբ Պետրոսի հրապարակում մասնակցել է գլխավոր ունկնդրության շատ բարձր տրամադրությամբ և, ըստ Reuters-ի, ոչինչ չի մատնանշել, որ քիչ անց նա ենթարկվելու է պլանային վիրահատության:
Վատիկանի կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է, որ Հռոմի պապը հիվանդանոցում կանցկացնի մի քանի օր, որպեսզի լիովին վերականգնվի վիրահատությունից հետո: Ըստ հայտարարության՝ վիրահատությունն անհրաժեշտ էր ճողվածքի բուժման համար, որը երբեմն ձևավորվում է նախորդ վիրահատությունից առաջացած սպիի վրա: Ճողվածքի առաջացումն առավել տարածված է տարեց մարդկանց մոտ և կարող է լինել նաև գիրության կամ որովայնի պատի մկանների թուլության պատճառով: Reuters-ը նշում է, որ Հռոմի պապը հայտնի է ընդհանուր անզգայացման բացասական հետևանքների նկատմամբ իր վախով:
2021 թվականի հուլիսին բժիշկները հեռացրել են Հռոմի Ֆրանցիսկոս պապի հաստ աղիքի մի մասը՝ դիվերտիկուլիտի բուժման համար: Հռոմի պապը հաճախ տեղաշարժվում է սայլակով կամ ձեռնափայտի օգնությամբ, քանի որ ծնկի ցավեր ունի:
Չնայած առողջական խնդիրներին՝ Ֆրանցիսկոս պապը շատ զբաղված գրաֆիկ ունի: Օրերս Վատիկանը հայտարարեց, որ նա օգտոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ն այցելելու է Մոնղոլիա, իսկ մինչ այդ՝ օգոստոսի 2-3-ը՝ Պորտուգալիա: