«Նիկոլը գործել է, իսկ այժմ նաև բացահայտ գործում է դավադիր ծրագրերի շրջանակում». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իշխանությունների հակապետական քաղաքականությունը չի բխում Հայաստանի քաղաքացիների դիրքորոշումից…
Սոցհարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունն անընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղի բռնակցումն Ադրբեջանին։ Gallup International Association-ի կողմից 2023 թ. հունվարի 17-ից 24-ն անցկացված սոցհարցումների արդյունքների համաձայն՝ 94,0%-ը դեմ է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում (2022թ. մայիսին նրանց թիվը կազմում էր 83,3%-ը. Հարցվածների միայն 1,0%-ն է կողմ, որ Արցախը միանա Ադրբեջանին)։

Այնուհետ (2023թ. մայիս) ԱՄՆ Միջազգային հանրապետական ​​ինստիտուտը (IRI) հրապարակեց Հայաստանում 2023 թ. հունվար-մարտի ամիսների հերթական սոցհարցման արդյունքները: Քանի որ այն հանրությանը հասանելի վերջին հարցումն է, դրա արդյունքները շատ հետաքրքիր են Հայաստանի հանրային գիտակցությունը և դրա վրա որոշիչ ազդեցություն ունեցող գործոնները հասկանալու համար։

Ըստ IRI-ի՝ «Ինչպե՞ս եք վերաբերվում վերջին վեց ամիսների ընթացքում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ՀՀ քաղաքականությանը» հարցին` հարցվածների 87%-ը հավանություն չի տվել, իսկ 69%-ը` նկատել է հետընթաց։ ՀՀ քաղաքացիները դժգոհ են նաև այն բանից, թե ինչպե՞ս է Նիկոլը կատարում իր նախընտրական «խոստումները»։

Երկրի ժողովրդավարացման տեմպերից գոհ է հարցվածների միայն 17%-ը, դժգոհ է հարցվածների 42%-ը, իսկ 35%-ն ընդհանրապես ժողովրդավարական փոփոխություններ չի տեսնում։ Հարցվածների 73%-ի համար Հայաստանում կոռուպցիան լուրջ խնդիր է։ Ընդ որում, հարցվածների 39%-ը կարծում է, որ իշխանությունների կոռուպցիայի մակարդակը մնացել է նույնը, իսկ 21%-ը՝ կարծում է, որ կոռուպցիան նույնիսկ աճել է։

Ընդհանուր առմամբ, հարցվածների 52%-ը կարծում է, որ երկիրը գնում է սխալ ուղղությամբ, և միայն 36%-ն է գտնում, որ ճիշտ ուղղության վրա է։ ՀՀ «վարչապետի» գործունեությունից լիովին գոհ է հարցվածների 13%-ը իսկ 61%-ը գոհ չէ (այդ թվում՝ 22%-ը՝ մասամբ է դժգոհ և 39%-ը՝ ամբողջությամբ):

Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու իր որոշումը կապիտուլյանտ Նիկոլը պատճառաբանում է նրանով, որ խորհրդարանական ընտրություններում ժողովուրդն իրեն «խաղաղության» մանդատ է տվել։ Սակայն վերջին երկու տարիների սոցհարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի ժողովուրդը դժգոհ է հենց այն նախընտրական խոստումների կատարումից, որոնք խաբեությամբ «ապահովել» են Նիկոլի պյուռոսյան «հաղթանակը» 2021թ. ընտրություններում:

Ակնհայտ է, որ Արցախի հարցում նա դեմ է գնում հայ ժողովրդի կամքին։ Դա երևում է ոչ միայն Հայաստանի, նաև հայկական Սփյուռքի մեծամասնության դիրքորոշումներից: Իսկ դա նշանակում է, որ այն «մանդատը», որն իբրև ստացել է Նիկոլը 2021թ. ընտրություններում` այլևս լեգիտիմ չէ և պետք է չեղարկվի։

Նիկոլի անձնական վարկանիշը, ըստ IRI-ի նշված հարցման, իջել է մինչև 14%։ Այլ բան է, որ ընդդիմության աջակցությունը ևս ցածր է։ «Եթե ընտրություններն անցկացվեին այս կիրակի» հարցին` իշխող «ՔՊ» օգտին կքվեարկեր ընտրողների միայն 21%։

Նկատի ունենալով, որ հարցվածների 30%-ը չի քվեարկի, 12%-ը կփչացնի քվեաթերթիկը, իսկ 20%-ը ընդհանրապես չի պատասխանել այս հարցին, ապա ցավով պետք է արձանագրել, որ հայ հասարակության պասիվությունն ու անտարբերությունը թույլ է տալիս Նիկոլին, շրջանցելով ազգային-պետական ​​շահերը, ժողովրդի կամքն ու հիմնարար իրավական փաստաթղթերը` միանձնյա որոշել Արցախի ճակատագիրն ու ապահովել Հայաստանի թրքացման հեռանկարը:

Ոչ մի հայ մարդ իրավունք չունի վաղվա տխուր հեռանկարի համար մեղադրի որևէ այլ մեկին: Նիկոլը գործել է, իսկ այժմ նաև բացահայտ գործում է դավադիր ծրագրերի շրջանակում:

ՔՊ-ին կրկին ընտրելու պատրաստակամություն ունեցող 21%-ին դավադրության կողմնակից համարել չի կարելի, բայց և պատասխանատու ու հայրենատեր քաղաքացի համարելն էլ մեծ մեղք է:

Իսկ ինչպե՞ս բացատրել Նիկոլից դժգոհող հատվածի դժգոհությունն ու ազգային շահերի նկատմամբ միաժամանակ ունեցած նրա անտարբերությունը: Ամենայն հավանականությամբ անտարբերությունը, կրկին խաբվելու մտավախությունն ու համընդհանուր հիասթափությունը պարարտ հող է ստեղծել ազգակործան պատուհասի նոր կապիտուլյացիոն քաղաքականությունն առաջ տանելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս