Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Արցախը, բանակն ու եկեղեցին Փաշինյանի և Թուրքիայի ընդհանուր թշնամին են. Էլբակյան

Անկախ նրանից, որ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը թևակոխել է ակտիվ փուլ, միևնույն է, Հայաստանի իշխանությունը որևէ բան այդ բանակցություններում չի որոշում, ավելին, եթե համաշխարհային դերակատարները բանակցային գործընթացում շահագրգռվածություն չցուցաբերեն, դրանք առհասարակ տեղի չեն ունենա։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Քիշնևից հետո մինչև հոկտեմբեր Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով պլանավորված հանդիպումների մասին, նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Էդգար Էլբակյանը։

«Բանակցություններից հետո թուղթ ընդհանրապես կարող է և չստորագրվել, որովհետև անկախ դրանից, քանի այս իշխանությունն է, ամեն օր թուլանում է Հայաստանը։ Թղթի ստորագրումն ավելի շատ ձեռնտու է Հայաստանի դե ֆակտո իշխանությանը, որովհետև այդ կերպ կբավարարեն իր կադաստրի վկայականի մարմաջը»,- ասաց Էլբակյանը։

Ըստ քաղաքագետի՝ ՀՀ դե ֆակտո իշխանությունը, որը 20 տարի ընդդիմացել է Հայաստան գաղափարին, հիմա այդ գաղափարի դեմ ընդվզելու հարցում ունի Թուրքիայի և Ադրբեջանի աջակցությունը, ուստի պատահական չէ այս իշխանության հայանպաստ քայլերի բացակայությունը, փոխարենը՝ ակնհայտ են սեփական իշխանությունը պահպանելուն ուղղված քայլերը։

Կարդացեք նաև

«Այս իշխանության արտաքին շահառուն Թուրքիան է, նաև Ադրեջանը։ ՀՀ այս իշխանությունը կարողանում է իշխանությունը պահպանել Թուրքիայի և Ադրբեջանի շնորհիվ։ Ասվածի ապացույցը ՀՀ Գլխավոր շտաբի տարածած հայտարարությունն էր, որի ծավալումը կասեցրել է հենց Թուրքիան՝ հասկացնելով, որ ցամաքային ներխուժում կիրականացնի։ Դա ակնհայտ է դառնում, երբ արձանագրում ես նաև, որ Փաշինյանի և Թուրքիայի համար արտաքին թշնամին նույնն է։ Թուրքիան և Հայաստանի այս իշխանությունն ունեն նաև ընդհանուր թշնամիներ՝ հայկական բանակը, Հայոց եկեղեցին, ՀՀ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը, Արցախը, հայ գեներալները, որոնք բանտում են։ Կրկնում եմ՝ լևոնականների, կապիտուլյանտականների, թուրքերի և ադրբեջանցիների ընդհանուր թշնամիները նույնն են, իսկ եթե արտաքին թշնամիների հայելային համընկնում կա, դա վկայությունն է այն բանի, որ իրենք նույն քաղաքականության կրողն են»,- ասաց Էլբակյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։ 

Տեսանյութեր

Լրահոս