Գործող ռեժիմը հայրենիքը հանձնում է ոչ թե թշնամու ճնշման տակ, այլ մեծագույն հաճույքով, նրանք հենց այդ նպատակով են բերվել․ Արմեն Մանվելյան

Հայաստանի տարածքի հետ տեղի ունեցողն արդեն աճուրդ էլ չէ, քանի որ աճուրդում ինչ-որ բան տալով՝ մեկ այլ բան ստանում ես։ Այս դեպքում մենք ոչինչ չենք ստանում, սա մեզ ներկայացված կապիտուլյացիոն պահանջ է, որը հայկական կողմը կատարում է։ Սա առաջին դեպքը չէ, հիշենք Բերձորի հանձնումն առանց մեկ կրակոցի։ Ի՞նչ ունեցանք դրա դիմաց՝ ոչինչ, ավելի ճիշտ՝ շրջափակված Արցախ։ Ութ հայկական գյուղերի հանձնման գործընթացով, որը նախաձեռնել է գործող քաղաքական ռեժիմը, նպատակ է դրվել Հայաստանը դնել էլ ավելի ծանր տրանսպորտային շրջափակման մեջ։ Գաղտնիք չէ՝ Տիգրանաշենը գերկարևոր է, քանի որ այդտեղով է անցնում մեր հիմնական ճանապարհը դեպի հարավ, իսկ Վրաստանին կապող մեր ճանապարհն անցնում է Տավուշով։ Այսինքն՝ այս երկու ճանապարհները կհայտնվեն արգելափակման վտանգի առաջ։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ Արմեն Մանվելյանը:

«Վրաստանին կապող երկաթգիծը ևս անցնում է հանձնվելիք գյուղերի մոտակայքով, ադրբեջանցիները հայտնվելու են երկաթգծին շատ մոտ, և եթե նույնիսկ շրջանցիկ ճանապարհ կառուցենք, ինչպես հիմա փորձում են մեզ մատուցել, այն հայտնվելու է թշնամու կրակային վերահսկողության ներքո։ Տեղի է ունենում Հայաստանի մասնատման, քայքայման և ոչնչացման գործընթաց, սա նոր կապիտուլյացիա է։ Այն արվում է միակողմանիորեն, և այստեղ ներկայացված օրակարգում միայն Ադրբեջանի և Թուրքիայի շահերն են։ Ցավոք սրտի, գործող իշխանությունն այն իրականացնում է ոչ թե ճնշման տակ, այլ մեծագույն հաճույքով։ Նրանք հենց այդ նպատակով էլ բերվել են իշխանության՝ հողերը հանձնելու, երկիրը քանդելու և քայքայելու, և այդ գործը լավ են անում»,- ասաց հասարակական գործիչը:

«Նախկինում տարեկան ավելի քան 25 հազար բեռնատար էր հատում հայ-իրանական սահմանը և շարժվում դեպի Վրաստանի նավահանգիստներ, սա բավական մեծ եկամուտ էր բերում Հայաստանին։ Մենք սրանից էլ կզրկվենք, քանի որ, երբ Տիգրանաշենով փակում են մեր ճանապարհը, որևէ այլընտրանք չի մնում, սուտ են այլընտրանքային ճանապարհի մասին պնդումները։ Գորիս-Կապանի այլընտրանքային ճանապարհը ևս հարմարեցված չէ բեռնատարների երթևեկության համար, Վեդիով կառուցվելիք նոր ճանապարհը նույնպես հարմարեցված չի լինելու բեռնատարների համար։ Այսինքն՝ բացի քաղաքական, բարոյական և այլ վնասներից՝ Հայաստանը նաև ահռելի տնտեսական վնասների առաջ է կանգնելու։ Նպատակը հենց սա է՝ հնարավորինս վնաս հասցնել Հայաստանին»,- նշեց Մանվելյանը:

Կարդացեք նաև

Միջազգայնագետի պնդմամբ՝ նախաձեռնվել է «Ազատ Արցախ-հայաքվե» գործընթաց, որը ելնում է Սահմանադրությունից և Հայաստանի անկախության հռչակագրից. «Մեր անկախության հռչակագրում ասվում է, որ Արցախն Ադրբեջանի մաս չէ և հետագայում նպատակ ունի միավորվելու Հայաստանի հետ։ Գնալով նման քայլի՝ գործող քաղաքական ռեժիմը խախտում է Սահմանադրությունը։ Ի պաշտպանության Մայր օրենքի՝ պետք է քրեականացնել սահմանադրության խախտման ցանկացած փորձ, տվյալ դեպքում՝ Արցախն այլ պետության կազմում ճանաչելու և այդ մասին հայտարարելու ցանկացած փորձ և պաշտոնական ելույթ։ Մեծ թվով կազմակերպություններ, անհատներ պիտի փորձեն հասնել օրենսդրական փոփոխության՝ 50 հազար ստորագրության հավաքման միջոցով։ Պետք է ցույց տանք, որ գործող քաղաքական ռեժիմը լեգիտիմ չէ նման փաստաթուղթ ստորագրելու համար»:

«Այս իշխանությունն իր գոյությունը փորձում է ապահովել իբր խաղաղության օրակարգով։ Իրականում այս ռեժիմը գոյություն ունի միմիայն շնորհիվ այն վախերի, որոնք հենց իրենք են ստեղծել։ Հայտնի է, որ զանգվածներին ղեկավարելու համար նրանց պետք է վախեցնել և բարոյալքել։ 44-օրյա պատերազմը, ցավոք սրտի, այդ վախերը մտցրել է հայ ժողովրդի մեծ հատվածի մեջ։ Նորմալ է, երբ մարդը պատերազմ չի ուզում, բայց մարդիկ պետք է հասկանան, որ այս քաղաքական ռեժիմը գոյություն ունի պատերազմի և նրա վախի շնորհիվ։ Քանի այս ռեժիմը և նրա պարագլուխը կան, Հայաստանին անընդհատ սպառնալու են, մենք միշտ լինելու ենք վախերի մեջ, և պատերազմի սպառնալիքի անվան տակ միշտ գնալու ենք զիջումների։ Սա ոչ թե պատերազմի վտանգների դեմ զիջման քաղաքականություն է, այլ երկիրը վաճառելու մտածված քաղաքական կուրս, որը սրանք քայլ առ քայլ տանում են առաջ»,- ամփոփեց Արմեն Մանվելյանը:

Տեսանյութեր

Լրահոս