ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը մասնակցել է «Ընտրական կիբեր պատրաստվածության ցանց» քննարկմանը
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Աննա Գրիգորյանը և ԿԸՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության վարչության պետ Ելենա Այվազյանը Պրահայում (Չեխիա) մասնակցել են «Ընտրական կիբեր պատրաստվածության ցանց» քննարկմանը: Այս մասին հայտնեցին Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
Այն նախաձեռնվել է Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի կողմից: Քննարկմանը մասնակցել են հինգ երկրների ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչներ:
Հանդիպման առաջին օրը գաղափարների, փորձի և գիտելիքների փոխանակում է եղել տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբերանվտանգության ոլորտի մասնագետների միջև:
Երկրորդ օրն անդրադարձ է եղել կիբերանվտանգության սպառնալիքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակմանը: Քննարկումը բացառիկ հնարավորություն է եղել մասնակից բոլոր երկրների համար ներկայացնել իրենց մոտեցումները, արժեքավոր արձագանքներ ստանալ ընթացիկ խնդիրների վերաբերյալ:
Այս նախաձեռնությունը նպատակ ունի վաղաժամ նախապատրաստել ընտրական հանձնաժողովներին՝ ապահովելով կիբերանվտանգության և հիբրիդային տեղեկատվության զարգացող ռիսկերի իրազեկումը: