Բաժիններ՝

Թռչնամսի նմուշներից երեքում արձանագրվել են անհամապատասխանություններ. ՍԱՏՄ

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի «Հետք» թերթը, տեղական թռչնամսի շուկայի ուսումնասիրություն սկսելուց առաջ, դիմել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ զուգահեռ նմուշառում կատարելու առաջարկով:

Երևանի կենտրոնի տեսուչները, իրացման ցանցերից մեկում ընթացող ստուգման շրջանակներում նմուշներ են վերցրել «Արաքս», «Աշտարակ», «Էրեբունի» և «Գետամեջ» ապրանքանիշների 15.05.2023 թ. արտադրության պաղեցված հավերից և հանձնել «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ՝ լաբորատոր հետազոտության:

«Հաշվի առնելով, որ ՍԱՏՄ-ն, իր գործառույթների շրջանակում, չի կարող առանց հիմքի վերահսկողություն իրականացնել, նմուշներ են վերցվել իրացման այն ցանցից, որտեղ այդ պահին ընթացել է պետական վերահսկողություն (նախատեսված 2023 թվականի ստուգումների ծրագրով): Նմուշառումն արվել է միայն առկա 4 արտադրատեսակից։

«Հետք» թերթի ներկայացուցիչները ևս 2 ապրանքանիշի պաղեցրած հավի գնում են կատարել իրացման այլ ցանցից (այդ երկու ապրանքանիշի թռչնամսի նմուշներում եթե հայտնաբերվեն անհամապատասխանություններ, Տեսչական մարմինը դա կընդունի որպես ահազանգ և կիրականացնի պետական վերահսկողություն)»,- նշված է հաղորդագրության մեջ:

Համաձայն լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Արաքս» և «Գետամեջ» ապրանքանիշերի պաղեցված թռչնամիսը՝ սալմոնելա, իսկ «Էրեբունի» ապրանքանիշը՝ ՄաֆանՄՔ ցուցանիշերով չեն համապատասխանել «Թռչնամսի և դրա վերամշակման արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

Հիմք ընդունելով հայտնաբերված խախտումները՝ Տեսչական մարմնի կողմից տրվել է 15.05.2023 թվականի արտադրության պաղեցրած հավերի խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, օգտահանելու կամ ոչնչացնելու կարգադրագիր:

«Արաքս Թռչնաֆաբրիկա» և Վլադ Հակոբյանի անվան «Համակցված Կերերի Գործարան» ՓԲԸ-ներում («Էրեբունի» ապրանքանիշ), ինչպես նաև Թռչնաֆաբրիկա «Գետամեջ 2016» ՍՊԸ-ում այս պահին իրականացվում են վերահսկողական միջոցառումներ՝ ստուգում:

«Աշտարակ» ապրանքանիշի պաղեցված թռչնամսում խախտումներ չեն հայտնաբերվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս