Արցախի ու «անկլավների» վերաբերյալ կիսում եմ իմ ղեկավարի տեսակետները. Արայիկ Հարությունյան
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ասաց, որ Քիշնևի բանակցությունների վերաբերյալ որևէ բան չի կարող ասել, քանի որ տեղեկություններ չունի դեռևս՝ ընդգծելով, որ պատվիրակությունն ուշ է վերադարձել՝ ԱԺ-ից պետք է գնա ու տեղեկություններ ստանա։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ կիսո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի տեսակետը՝ Արցախի ու «անկլավների» վերաբերյալ, ինչին ի պատասխան՝ նա ասաց.
«Ես իմ անմիջական ղեկավարի տեսակետները կիսում եմ, եթե չկիսեի, ապա այս քաղաքական թիմում չէի լինի»։
Թեմայի առնչությամբ մյուս բոլոր հարցերի վերաբերյալ Արայիկ Հարությունյանը տվեց նույն պատասխանը, թե դրա վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը խոսել է կամ դեռ տեղեկություններ չի ստացել պատվիրակությունից։
Այս համատեքստում լրագրողները նաև հետաքրքրվեցին, որ Տավուշի մարզի սահմանամերձ բնակիչներն անհանգստանում են՝ եթե «անկլավները» հանձնում են, ապա իրենք ի՞նչ են անելու, Արայիկ Հարությունյանը պատասխանեց.
«Տարբեր տարբերակներ են քննարկվում, և այս պահին որևէ լուծում չկա, որից պետք է անհանգստանալ կամ ոչ»։
Ինչ վերաբերում է մամուլում տեղ գտած այն տեղեկություններին, որ Կառավարությունում կա փաստաթուղթ՝ 120 էջից բաղկացած, որը վերաբերում է սահմանազատմանը, Արայիկ Հարությունյանն ասաց, որ նման փաստաթուղթ գոյություն չունի։