«Ձեր хзор վարչապետին հարցրեք՝ էդ ի՞նչ ես արել, որ Հայաստանի պետականությունը կախված է մազից». Նաիրա Զոհրաբյան

Քիշնևի հանդիպումից առաջ Ալիևը հերթական անգամ սպառնաց և վերջնագիր ներկայացրեց Հայաստանին և Արցախին՝ ընդգծելով, որ Արցախում կարող են համաներման հույս ունենալ միայն այն դեպքում, եթե ինքնակամ վայր դնեն իրենց բոլոր «կեղծ պաշտոնները» և դիմեն Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար։ ԱՄՆ-ը Պետդեպը ողջունեց համաներման մասին Ալիևի հայտարարությունը: Պետդեպի այս տագնապալի հայտարարությանն արձագանքեց անգամ Հայաստանի ԱԳՆ-ն՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը պետք է համարժեք արձագանքի այս հայտարարություններին՝ կանխելու Ադրբեջանի ղեկավարության՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ծավալապաշտական քաղաքականությունը և Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների նկրտումները:

168TV«Ռեվյու» հաղորդման շրջանակում «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցինք՝ Քիշնևի հանդիպումից առաջ ինչի՞ մասին են հուշում այս բոլոր հայտարարություններն ու զարգացումները:

«Հուշում են մի բանի մասին, որ մենք պետք է պատրաստվենք երկրորդ կապիտուլյացիային: Այն, որ Ալիևը պարանոյիկ է, շիզոիդալ հակումներ ունի, փաստ է: Ալիևն ամեն առիթ օգտագործելով՝ հայտարարում է, որ հաղթել է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին և հոր գերեզմանին խոնարհումն է տվել՝ ասելով, որ վերադարձրել է իբր իրենց պատմական հողերը, այն, որ Ալիևը կարող է լինել պարանոյիկ և դա իր հոգեկերտվածքն է, դա միանշանակ է: Այն, որ այս 44-օրյա պայմանավորված պատերազմը Հայաստանի իշխանության անողնաշարությունը, Ալիևի 5-րդ շարասյուն լինելը, Ալիևի յուրաքանչյուր ճտոցի առաջ կզելը OK է Ալիևի համար, և դրանից Ալիևը կարող է ոգևորվել, դա նորմալ է:

Բայց ինձ համար առնվազն անընդունելի է, ուղղակի շոկային էր ԱՄՆ պետքարտուղարության բարձրագույն ներկայացուցչի հայտարարությունը, որը հաստատում է Ալիևի ասածը՝ նշելով, որ իրենց լեզվով ասած՝ Ղարաբաղի 120.000 բնակիչները տեռորիստներ և հանցագործներ են, որովհետև Ալիևը հայտարարել է, որ կա՛մ ինքնակոչ էլեմենտը, նկատի ունենալով Արայիկ Հարությունյանին, կամավոր կհանձնվի Ադրբեջանի իրավապահ համակարգին, և կորոշեն՝ նրանց համաներե՞լ, թե՞ ոչ, պատգամավորներն ու նախարարները մանդատները վայր կդնեն, իսկ Արցախի բնակչությունը կորոշի՝ կա՛մ հլու-հնազանդ կընդունի Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ կորոշեն՝ ինչպես վարվել նրանց հետ, և դա ողջունվում է ԱՄՆ Պետդեպի կողմից»,- շեշտեց Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ այդ ամենի թամադան Նիկոլ Փաշինյանն է, որն Արցախի ինքնորոշման իրավունքի վրա դրել է վերջակետ:

Կարդացեք նաև

«Մենք չենք կարող Ռուսաստանից, Արևմուտքից և ԵՄ-ից պահանջել լինել ավելի հայ, քան մենք, մենք չենք կարող նրանցից պահանջել՝ մեր անվտանգությունը երաշխավորել: Երբ ԱԽ քարտուղարն ասում է՝ մենք զբաղված ենք անվտանգության երաշխավոր փնտրելով, բա list.am-ում հայտարարություն տվեք մի հատ, գրեք՝ փնտրվում է անվտանգության երաշխավոր: Եթե դու քո երկրի անվտանգության երաշխավորը չես կարող լինել, եթե լրագրողի ուղիղ հարցին՝ Արցախը Ադրբեջա՞ն է, Նիկոլ Փաշինյանը պատասխանում է՝ այո, ԱԳՆ-ն տարածում է հայտարարություն, որ՝ այո, մենք համաձայնել ենք՝ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, և աղերսում ենք՝ միայն էթնիկ զտում և ցեղասպանություն չիրականացնեք, դուք ի՞նչ եք ուզում միջազգային հանրությունից»,- նկատեց նա:

Նաիրա Զոհրաբյանը դիմեց Նիկոլ Փաշինյանին աջակցող այն քաղաքացիներին, որոնք համացանցում լատինատառ և ռուսատառ գրառումներով պաշտպանում են նրան.

«Էդ ձեր хзор վարչապետն է ասել, որ եթե երկու կամ երեք տարի մենք կարողանանք Հայաստանի պետականությունը պահել, ուրեմն՝ կապրենք: Բա, մի հատ գնացեք ձեր хзор վարչապետին հարցրեք՝ էդ ի՞նչ ես արել, որ Հայաստանի պետականությունը կախված է մազից, մի հատ хзор-ը թող պատասխանի»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս