Իրանի համար չափազանց կարևոր է արցախահայության անվտանգությունը և ՀՀ տարածքային ամբողջականությունը. Ջաֆար Խաշե
Թեհրանի համալսարանի «Կովկասյան հետազոտությունների կենտրոնի» տնօրեն Ջաֆար Խաշեն «Հայաստան-Իրան հազարամյակների բարեկամությունը և տարածաշրջանային զարգացումները» խորագրով քննարկման շրջանակներում լրագրողների հարցադրումներին ի պատասխան՝ անդրադարձավ Հայաստան-Իրան հարաբերությունների այսօրեական շեշտադրումներին:
«Հայաստանը մշտապես Իրանի և իրանցի ժողովրդի համար եղել է անվտանգ միջանցք դեպի արտաքին աշխարհ: Այդ իմաստով չափազանց բարձր ենք գնահատում հայ-իրանական հարաբերությունները բոլոր մակարդակներում՝ թե՛ հանրային, թե՛ քաղաքական»,- նկատեց Ջաֆար Խաշեն:
Անդրադառնալով Ադրբեջանում Իսրայելի նախագահի հակաիրանական մեսիջներին և մասնավորապես պնդմանը, թե Իրանը սպառնալիք է տարածաշրջանի համար, իրանցի գիտնականը նշեց, որ իրականում միակ սպառնալիքը և խոչընդոտը տարածաշրջանի համար հենց սիոնիստական ռեժիմն ու հենց Իսրայելն է:
«Պատերազմի և ընդհանրապես տարածաշրջանային լարվածությունների պատճառն է նաև Իսրայելը՝ իր քաղաքանությամբ այս տարածաշրջանում: Իրանը երբեք մարտահրավեր չի եղել իր հարևան երկրների համար, և Իսրայելում շատ լավ գիտեն, որ միակ երկիրը, որի համար Իրանը մարտահրավեր է և գուցե՝ սպառնալիք, հենց Իսրայելն է:
Ընդհանրապես, Իրանը դեմ է ծավալապաշտական ցանկացած քաղաքականության, և նշանակություն չունի, թե որ երկիրն է այդ քաղաքականությունը վարում. միջամտությունները, որոնք իրականացվում են այս տարածաշրջանում Իսրայելի և մասամբ Թուրքիայի կողմից, չեն կարող երբեք երաշխիք լինել կայուն խաղաղության հաստատման համար:
Իրանի համար չափազանց կարևոր է արցախահայության անվտանգությունը և ՀՀ տարածքային ամբողջականությունը: Իրանն ամեն ինչ անելու է այս հիմնարար սկզբունքների պահպանման և կյանքի կոչման ուղղությամբ»,- մանրամասնեց իրանցի գիտնականը:
Մանրամասները՝ տեսանյութում