Որքան են ծախսում Վրաստանի քաղաքացիները արտերկիր մեկ այցի համար
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) հաշվետվության մեջ կարդում ենք, որ 2023 թվականի 1-ին եռամսյակում Վրաստանի տարածքից արտերկիր է մեկնել 585,8 հազար վրացի ռեզիդենտ ճանապարհորդ, ինչը 2,2 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ըստ Geostat-ի՝ ուղևորությունների ամենամեծ մասը՝ 46,3 տոկոսը, կազմել են 31-50 տարեկան ճանապարհորդները։
«Նշված թվից Վրաստանի ռեզիդենտ այցելուների կողմից արտերկիր կատարած այցելությունների թիվը կազմել է 448,4 հազար, ինչը 2,1 անգամ գերազանցում է 2022 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Վրաստանի մշտական այցելուները 255,4 հազար զբոսաշրջային տիպի այցելություններ են կատարել արտերկիր, ինչը 76,9 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Այցելությունների մեծ մասը՝ 49,1 տոկոսը, կատարել են 31-50 տարեկան Վրաստանի բնակիչ այցելուները։ Կանանց այցելությունների թիվը կազմել է այցելությունների ընդհանուր թվի 45.4 տոկոսը»,- նշված է Geostat-ի հաղորդագրության մեջ։
Նույն տվյալների համաձայն, այցելությունների մեծ մասը կատարվել է Թուրքիա՝ 234,1 հազար և Հայաստան՝ 64,3 հազար այցելություն։
Geostat-ը նշում է՝ 2023 թվականի 1-ին եռամսյակում կատարված այցելությունների ընթացքում անցկացրած գիշերների միջին թիվը կազմել է 6,1 գիշեր, ինչը 5,4 տոկոսով պակաս է 2022 թվականի 1-ին եռամսյակում գրանցված ցուցանիշից:
Geostat-ի փոխանցմամբ՝ 2023 թվականի առաջին եռամսյակում այցելությունների ընթացքում կատարված ծախսերը կազմել են 372,5 մլն լարի, ինչը 30,7 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից.
«Մեկ այցելության միջին արժեքը 2022 թվականի 1-ին եռամսյակի համեմատ նվազել է 37 տոկոսով և կազմել 830,8 լարի»: