Ադրբեջանի ԶՈւ-ի կրակոցների հետևանքով Սոթքի հանքավայրը շարունակում է փակ մնալ
Թշնամու կրակոցների հետևանքով ապրիլի 15-ից դադարեցվել էին Գեղարքունիքի մարզի Սոթքի հանքավայրի աշխատանքները։
Հանքի տնօրինությունն աշխատակիցների անվտանգությունից ելնելով՝ նրանց ուղարկել էր արձակուրդ։ Աշխատակիցները գտնվում են հարկադիր վճարովի պարապուրդում, ստանում են աշխատավարձի 2/3-ը։
Այս ընթացքում հանքը մի քանի անգամ փորձել է վերսկսել աշխատանքները, սակայն ադրբեջանական կողմը խոչընդոտել է՝ կրակ արձակելով աշխատակիցների ուղղությամբ։
168.am–ը հանքը շահագործող «ԳեոՊրոմայնինգ Գոլդ» ընկերությունից հետաքրքրվեց՝ արդյո՞ք հանքն այժմ շահագործվում է։
Ընկերությունից պատասխանեցին, որ այս պահին հանքը չի աշխատում, այլ մեկնաբանություն չտվեցին՝ խոստանալով առաջիկայում այլ մանրամասների վերաբերյալ հանդես գալ հայտարարությամբ։
Հիշեցնենք, որ 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթով հանձնվեց Քարվաճառի շրջանը, իսկ պատերազմից հետո նրա հրամանով և Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի իմացությամբ Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի բոլոր բարենպաստ դիրքերը հանձնվեցին թշնամուն, Սոթքի հանքավայրի մի մասի հսկողությունը ևս անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Դրանից զատ, 2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ներխուժեցին ՀՀ սուվերեն տարածք և դիրքավորվեցին, որի արդյունքում էլ ավելի վատթարացավ հայկական բնակավայրերի անվտանգության հարցը, խաթարվեց նաև Սոթքի հանքավայրի բնականոն աշխատանքը։