Ռուսաստանի միութենական երաշխիքները Հայաստանին ենթադրում են, որ ՀՀ իշխանությունն ինչ-որ բան է ձեռնարկում սեփական երկրի անվտանգության համար․ Նիկոլայ Սիլաև
«Հայաստանում ԱՄՆ ֆինանսավորմամբ լուրջ հակառուսական մեդիաարշավ է»,- այս մասին «Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական դաշինքի մարտահրավերներն ու հեռանկարները» վերտառությամբ քննարկման ժամանակ ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Նիկոլայ Սիլաևը։
Նա նշեց, որ Ռուսաստանը՝ որպես Հարավային Կովկասի երկրների հարևան, հետաքրքրված է, որպեսզի տարածաշրջանում տիրի հուսալի ու կայուն խաղաղություն։
Ըստ նրա, Ռուսաստանը պատմականորեն Հարավային Կովկասում խուսափել է բլոկային քաղաքականությունից և այսուհետ ևս խուսափելու է, Ռուսաստանի մոտեցման էությունը մշտապես կայացել է նրանում, որ այս ռեգիոնում գտնվող բոլոր երկրների հետ պետք է պահպանվեն լավ, հավասար, հարթ հարաբերություններ, և Վրաստանի ուղղությամբ վերջին զարգացումները ևս իր վերոնշյալ թեզը հաստատում են։
Ռուս վերլուծաբանն ասաց, որ իր մոտ տագնապ է առաջացնում այն, թե ինչպես են զարգանում հայ-ադրբեջանական կարգավորման բանակցությունները։
Սիլաևի խոսքով՝ գլխավորն այն է, որ Ադրբեջանում կա ընկալում, որը գուցե Հայաստանում լռելյայն ընդունում են, որ Խաղաղության համաձայնագիրը հավասարազոր է իրական խաղաղության։
«Սրա հետ բարդ է համաձայնել։ Ես հասկանում եմ՝ ինչու է հենց այսպիսի մոտեցում առաջ մղում Ադրբեջանը, բայց այդքան էլ չեմ հասկանում, թե ինչու է նման մոտեցմանը միանում Հայաստանը։
Ամենավերջին և վառ օրինակը փաստաթղթի ստորագրման տարածքային ամբողջականության ճանաչման և անվտանգության երաշխիքների՝ դա Մինսկի համաձայնագրերն են, որոնցում ամրագրվել էր տարածքային ամբողջականությունը, երաշխիքները, սահմանի փոխանցումը, թե ինչ տեղի ունեցավ այդ համաձայնությունների հետ հետո, Ձեզ լավ հայտնի է։ Նույնիսկ, եթե փաստաթուղթը ստորագրված է, այն պետք է իրագործել։
Ի դեպ, որևէ մեկս պատրանքներ չունենք, Բաքվի բոլոր պայմանները բավարարող փաստաթուղթ Երևանը կարող է ստորագրել անգամ վաղը, կլինի՞ արդյոք դա խաղաղություն, դուք պետք է որոշեք»,- պարզաբանեց Սիլաևը։
Վերլուծաբանը գտնում է, որ գործընթացում ներգրավված ԱՄՆ-ի և ԵՄ-ի մոտեցումը հետևյալն է՝ պետք է շուտափույթ ստորագրել գեթ ինչ-որ բան, դրանով իսկ դուրս բերելով կամ էականորեն թուլացնելով Ռուսաստանի ազդեցությունը կարգավորման նկատմամբ և դուրս բերել ՌԴ-ին գործընթացից՝ մեծ հարված հասցնելով Ռուսաստանի հեղինակությանը, դրանով իսկ արձանագրելով կարճաժամկետ արտաքին քաղաքական հաղթանակ։
«Նրանք համոզմունք ունեն, որ հարվածելով ՌԴ հեղինակությանը՝ մահացու հարված են հասցնում Ռուսաստանին։ Դա այդպես չէ, քանի որ հեղինակության և անվտանգության հարցերը տարբեր են։ Կցանկանայի ընդգծել, որ տեսնում ենք սցենարներ, որ ՌԴ ազդեցությունն այս ուղղությամբ արմատականորեն կրճատվում է՝ Հայաստանի ՀԱՊԿ անդամակցության դադարեցումը, Ղարաբաղում ռուսական խաղաղապահների դուրսբերումը, Հայաստանից ռուսական բազայի հեռացումը, սա կլինի ուժեղ հարված ՌԴ հեղինակությանը, սակայն դա չի լինի հարված ՌԴ անվտանգությանը»,- հստակեցրեց քաղաքագետը։
Նա նաև անդրադարձավ միության գաղափարին՝ ասելով, որ դա չպետք է նույնականացնել պրոտեկտորատի գաղափարի հետ, քանի որ պրոտեկտորատը ենթադրում է, որ երկրներից մեկը ստանձնում է մյուս երկրի ողջ անվտանգության պատասխանատվությունը՝ իր վրա վերցնելով նաև արտաքին քաղաքական բոլոր որոշումները կայացնելու պատասխանատվությունը։
«Միությունը կողմերից ենթադրում է հավասար ներդրում, ընդհանուր ներդրում ընդհանուր անվտանգության համակարգում։ Ռուսաստանի միութենական երաշխիքները Հայաստանին ենթադրում են, որ ՀՀ իշխանությունն ինչ-որ բան է ձեռնարկում սեփական երկրի անվտանգության համար։ Անհնար է ակնկալել, որ Ռուսաստանը կստանձնի լիակատար պատասխանատվություն ՀՀ անվտանգության ապահովման համար, եթե դա այդպես լինի, մեր հարաբերությունները կդադարեն լինել միութենական, այլ կդառնան պրոտեկտորատային։ Որքանով ինձ է հայտնի, Հայաստանում ոչ մեկը դրան չի ձգտում»,- ընդգծեց Նիկոլայ Սիլաևը։
«Նոր բան չեմ ասի, կրկնեմ այն, ինչ ասում են ՌԴ պաշտոնական շրջանակները, այն առաջարկները, որոնք հնչել են ՀԱՊԿ արտակարգ գագաթնաժողովի ընթացքում, գործում են, այդ առաջարկները հնարավոր է ամեն պահի ընդունել, և դա հարց է՝ ուղղված պաշտոնական Երևանին, թե արդյո՞ք այդ առաջարկներն ընդունվելու են»,- հավելեց Սիլաևը։
Նա նաև կիսվեց իր տպավորությամբ, որոնք ստացել է հայ լրագրողների հետ շփումներից։
Ըստ նրա՝ ակնհայտ է, որ Հայաստանում հակառուսական մեդիաարշավ է ֆինանսավորվում ԱՄՆ-ի կողմից, նշաններն ակնհայտ են։ «Իմ հարցը հետևյալն է՝ ինչո՞ւ է ՀՀ քաղաքական դասը հակված նպաստել այդ արշավին»,- հարցրեց Սիլաևը։