«Ես անում եմ անպատասխանատու…. Ներողություն, ես անում եմ պատասխանատու հայտարարություն՝ ի լուր ամբողջ աշխարհի». Նիկոլ Փաշինյան
«Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կոմունիկացիաների առանձին օրակարգ գոյություն չունի: Դա հարց է, որը տեղավորվում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման շրջանակում, որտեղ այդ թվում արձանագրվում է, որ նաև այդ հաղորդակցությունը ՀՀ-ն պատրաստ է ապահովել»,-այսօր ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Սա շատ կարևոր արձանագրում է, և մենք պարտավորվել ենք փոխադարձաբար, և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, բացել տարածաշրջանային կոմունիկացիաները: Մենք պատրաստ ենք դա անել, դուք գիտեք՝ այդ պատմությունը, Նախիջևանին ճանապարհ տալու համար երեք անցակետերի պատմությունը, և այլն: Կա նոր ենթակառուցվածքների կառուցման խնդիր: Հայաստանը նման պարտավորություն չունի, Հայաստանը պատրաստ է դիտարկել այդ տարբերակը ևս: Այսինքն՝ եթե համաձայնվի Հայաստանը, այդ տարբերակը նույնպես կկիրառվի: Ո՞ր դեպքում կհամաձայնվի Հայաստանը, երբ տեսնի, որ դա տարածաշրջանի ինտեգրման, խաղաղության, փոխշահավետության ֆոն է ստեղծում և իսկապես Հայաստանը դրանով հաղթահարում է շրջափակումը: Մեր դիրքորոշումն է, որ այդ ճանապարհները պետք է գործեն սուվերենության և իրավազորության ներքո՝ Հայաստանի և Ադրբեջանի, խոսքը նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում հիշատակվող ճանապարհների մասին է: Այնտեղ ոչ միայն Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի կապի խնդիր կա, այլևս ասենք Հայաստանի հյուսիսային և հարավային հատվածները իրար կապող երկաթուղին գործարկելու խնդիր կա»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պատրաստ է եղել սուվերենության, իրավազորության և փոխադարձության սկզբունքի վրա վերակառուցել երկաթուղին, դրա մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել 2021թ. դեկտեմբերի 14-ին Բրյուսելում, բայց երբ եկել է դե յուրե ձևակերպելու պահը, Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել. «Ես ասացի, որ ես ստորագրում եմ, Ադրբեջանը չստորագրեց: Հիմա փորձում ենք լուծել այդ հարցը»:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ միջանցք չի խոստացել Ադրբեջանին. «Ես անում եմ անպատասխանատու…. Ներողություն, ես անում եմ պատասխանատու հայտարարություն՝ ի լուր ամբողջ աշխարհի: Ես կարող եմ ապացուցել, երդվյալ ատենակալների ֆորմատով կարող եմ ապացուցել, որ ես երբեք որևէ մեկին ՀՀ տարածքով միջանցք ոչ խոստացել եմ, ոչ էլ թույլ եմ տվել, որ տպավորություն ստեղծվի, որ ես նման բան կարող է մեզ համար… Ես սա կարող եմ ապացուցել»: