Ադրբեջանը կասի, որ Հայաստանը 8700 քառակուսի կիլոմետր է, եթե մենք չճանաչենք իրենց 86.600 քառակուսի կմ-ն. Փաշինյան
Այսօր Կառավարության հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց՝ նախ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է, որ ՀՀ-ն չունի տարածքային պահանջ, ապա հիշեցրեց.
«Նախորդ տարի Պրահայում քառակողմ հայտարարության մեջ ասված էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Այս տարի մայիսի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումից հետո Շառլ Միշելն ասաց, որ կողմերը վերահաստատում են միմյանց կողմից տարածքային ամբողջականության ճանաչումը՝ հստակ նշվում են տարածքային չափեր։ Այս վերջին հանգամանքը շահարկվում է տարբեր քաղաքական շրջանակների կողմից, փորձելով հասարակական ինչ-ինչ հուզումներ առաջացնել։ Կխնդրեի ձեզ ևս մեկ անգամ անդրադառնալ հարցին և ասել, ինչո՞ւ է կարևոր, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և ինչո՞ւ է կոնկրետ նշվում տարածքների չափը»,- նշեց Հռիփսիմե Գրիգորյանը։
Պատասխանելով հարցին՝ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասաց.
«Ինչո՞ւ 86.600 քկմ և ինչո՞ւ 29.800 քկմ, որովհետև այդտեղից գալիս է հաջորդ հարցը՝ իսկ ո՞րն է այդ տարածքային ամբողջականությունը, որը ճանաչում ենք, որովհետև եկեք ուղիղ ասենք, որ Ադրբեջանն ունի շատ հստակ խոսույթ։ Ասում է՝ եթե դուք մեր տարածքային ամբողջականությունը չեք ճանաչում, մենք էլ ձեր տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում։ Այսինքն՝ եթե դուք չեք ճանաչում, որ Ադրբեջանը 86.600 քկմ տարածք ունի, ուրեմն մենք էլ չենք ճանաչի, որ ՀՀ-ը 29.800 քկմ տարածք ունի։ Այս խոսակցությունը տեղի է ունենում միջազգային հանրության աչքի առաջ, և երբ Ադրբեջանը շարունակաբար հարձակվում է Հայաստանի վրա, և միջազգային հանրության հետ խոսում ենք, նրանք էլ ասում են, որ Հայաստանը չի ճանաչում մեր տարածքային ամբողջականությունը, ինքն էլ մեր վրա է հարձակվել կամ հարձակվում։
Բայց մինչև այդ էլ ինչ կա, մեր բանը ինչ է, որ հա, մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում ենթադրենք, և եթե նա հարձակվի մեզ վրա, օրինակ, ՀԱՊԿ-ը կգա մեր կողքը կկանգնի։ ՀԱՊԿ-ն էլ այդ հարձակումների ժամանակ և արդյունքում ասում է՝ այո, կգամ ձեր կողքը կկանգնեմ՝ 30 հոգի ուժեղ դիտորդ կուղարկեմ։ Հիմա այստեղ մենք պետք է որոշում կայացնենք՝ շատ լավ, մենք կարող ենք ասել, որ մենք չենք ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86.600 քկմ, և մեր կարծիքով Ադրբեջանը ոչ թե այդքան է, այլ 45.700 քկմ։ Եվ ես, այո, այս ամբիոնից վերահաստատում եմ՝ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է Բրյուսելում արձանագրված պայմանավորվածությունը՝ ճանաչում է Ադրբեջանի 86.600 քկմ տարածքը, և ակնկալում ենք, որ Ադրբեջանն էլ կվերահաստատի, որ ճանաչում է Հայաստանի 29.800 քկմ-ն։
Հիմա նրանք, ովքեր ասում են, որ Ադրբեջանը ոչ թե 86.600 քկմ տարածք ունի, այլ իքս տարածք, նրանք վերահաստատում են, որ Ադրբեջանը 29.800 քկմ տարածք չէ, այլ մինուս ինչ-որ իքս թիվ է։ Թե ինչ թիվ է, դա, կորոշվի նրանով, թե այդ օրը ՀԱՊԿ-ում ինչ տրամադրություն է տիրում»։
Նիկոլ Փաշինյանի պատասխանից հետո, Հռիփսիմե Գրիգորյանը հայտարարեց, որ միանշանակ կիսում է իր ղեկավարի կարծիքը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում