«Մի ամբողջ ազգ անհաղորդ է դարձել իր Հայրենիքին, իսկ իշխանականան կուլիսներում իշխանավորներն ու դրանց ընդիմախոսները զբաղված են ոչնչով»․ Դավիթ Անանյան

ՀՀ ՊԵԿ  նախկին նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի ամբողջ ազգ, մի ամբողջ ժողովուրդ անհաղորդ է դարձել իր Հայրենիքին և դրանում տեղի ունեցող գորշ իրադարձություններին։

Այս ամենն իր հետ չի, որ պատահում է, իր անձին ու մարմնին (հոգին այլևս չկա) չի առնչվում, իրեն չի հետաքրքրում կամ մտահոգում Հայրենիքի գոյության ապագան կամ ապագա գոյությունը։

Իսկ իշխանականան կուլիսներում իշխանավորներն ու դրանց ընդիմախոսները զբաղված են ոչնչով․ ժամանակ առ ժամանակ հայհոյում են միմյանց և հանդես գալիս որպես մի կենցաղային ծեծկռտուքի մասնակից։ Անհաղորդ և ճղճիմ են թե՛ մեկերը, և թե՛ մյուսները․․․ սրանց համար գոյություն չունի թե՛ Վեհը, և թե՛ այդ Վեհին ծառայելու, նվիրվելու և պատեհ ժամանակ անձնազոհ լինելու նվիրականը։

«Հայրենիքը չի տրվում այնպես, ինչպես ժառանգվում է հայրենական հարստությունը, — գրում է Գարեգին Նժդեհը, — դա ձեռք է բերվում ամեն մի սերնդի և նրա առանձին անդամի կողմից, ձեռք է բերվում հայրենաճանաչումով, հայրենապաշտությամբ, նրան արժանի դառնալու ձգտումով։ Կարելի է հայրենիքում լինել, բայց հայրենիքից չլինել, կարելի է հայրենիքում ապրել, բայց և այնպես հոգեհաղորդ չլինել նրան։

Կարելի է վերջապես իրավապես հայրենատեր լինել, իսկ հոգեպես՝ անհայրենիք։

Արժանի չես հայրենիքիդ, եթե այն չես դավանում իբրև գերագույն նպատակ, իսկ անձդ՝ իբրև միջոց։»»։

Տեսանյութեր

Լրահոս