
TikTok-ը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ Մոնտանա նահանգի դեմ

TikTok-ը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ-ի դաշնային դատարան՝ պնդելով, որ հավելվածն արգելելու մասին Մոնտանա նահանգի որոշումը խախտում է ազատ խոսքի սահմանադրական իրավունքը: Ընկերության ղեկավարը վստահ է, որ կկարողանա հասնել այդ արգելքի չեղարկման:
TikTok-ի գործադիր տնօրեն Շու Զի Չուն Կատարի տնտեսական ֆորումի ժամանակ Մոնտանա նահանգի ընդունած որոշումն անվանել է հակասահմանադրական և վստահություն է հայտնել, որ ընկերությունը կշահի դատական գործընթացում:
Մայիսի 17-ին Մոնտանան դարձել է ԱՄՆ առաջին նահանգը, որն արգելել է չինական TikTok հավելվածը բոլոր անձնական սարքերի վրա: Օրենքն ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից: TikTok-ը հայտնվել է տարբեր երկրների իշխանությունների ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ մտահոգություններ առաջացան, որ սոցցանցի տվյալները փոխանցվում են Չինաստանի կառավարությանը: Ընկերությունը կտրականապես հերքում է այս մեղադրանքները: