Բայդենը և Մաքքարթին «արդյունավետ» են անվանել պետական պարտքի վերին շեմի բարձրացման շուրջ բանակցությունները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթին պետական պարտքի վերին շեմի բարձրացման շուրջ բանակցություններն անվանել են արդյունավետ, սակայն կողմերն առայժմ համաձայնության չեն հասել:
Հանդիպումից հետո Մաքքարթին հայտարարել է, որ «համաձայնության հասնելը հնարավոր է», իսկ Բայդենն, ընդունելով առկա տարաձայնությունները, հայտարարել է, որ «դեֆոլտ տեղի չի ունենա»:
ԱՄՆ ֆինանսների նախարար Ջենեթ Յելենը բազմիցս հայտարարել է, որ մինչև հունիսի 1-ը ԱՄՆ-ն կարող է դեֆոլտի առաջ կանգնել:
Պետական պարտքի վերին շեմը ծախսերի առավելագույն սահմանն է, որը սահմանվում է Կոնգրեսի կողմից, և որով որոշվում է, թե որքան գումար կարող է փոխ առնել կառավարությունը: Եթե ներկայիս 31.4 տրիլիոն դոլարի շեմը մինչև հունիս չբարձրացվի, ապա ԱՄՆ-ն կարող է իր պարտքի դեֆոլտ հայտարարել: Դա կնշանակի, որ կառավարությունը չի կարող ավելի շատ գումար փոխ առնել և չի կարող կատարել իր վճարումները: Նման իրավիճակը կարող է բացասաբար ազդել նաև համաշխարհային տնտեսության վրա:
Մի քանի շաբաթ շարունակվող բանակցություններից հետո կողմերն այժմ ավելի լավատեսական են տրամադրված:
«Մենք առայժմ համաձայնագիր չունենք, սակայն կարծում եմ, որ քննարկումն արդյունավետ էր այն ոլորտներում, որոնցում մեր տեսակետները տարբերվում են», – ասել է Մաքքարթին՝ հավանական համարելով, որ համաձայնագիրը կկազմվի և դրա շուրջ քվեարկություն կկայանա 72 ժամվա ընթացքում:
Պետական պարտքի վերին շեմի բարձրացման դիմաց հանրապետականները պահանջում են շուրջ 4 տրիլիոն դոլարով կրճատել բյուջեի ծախսերը: Դեմոկրատները չեն համաձայնում այս պայմանին: