Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն ունի լեգիտիմության լուրջ խնդիր. Թագուհի Թովմասյանը՝ դեսպան Ռոզենկրացին

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրում է. «Հյուրընկալվեցի Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. պրն Լուկաս Ռոզենկրացին։

Աշխատանքային մեր հանդիպումը, բնականաբար, սկսեցի շնորհակալության խոսքերով՝ ուղղված դեսպանին, որը հանդիպել էր զոհվածների եւ անհետ կորածների ծնողների հետ եւ լսել նրանց: Որդեկորույս ծնողների խնդիրներն իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում են:

Խոսելով Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիեւ-Միշել հանդիպման արդյունքների մասին՝ նշեցի, որ Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն ունի լեգիտիմության լուրջ խնդիր, քանի որ ՀՀ Գերագույն Խորհրդի՝ 1992թ. հուլիսի 8-ի որոշմամբ նշվում է․ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»:

Այս առումով ներկայացրի իմ նախաձեռնությամբ իրականացվող ստորագրահավաքի հիմնական նպատակը, այն է՝ ներկայացնել հայ ժողովրդի հավաքական կամքը՝ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Նշեցի, որ այս պահին հավաքվել է ընդհանուր 300 հազարից ավելի ստորագրություն, որը վկայությունն է այն պարզ ճշմարտության, որ ժողովուրդը համաձայն չէ ներկայիս իշխանության վարած քաղաքականության հետ։ Ընդգծեցի՝ Խորհրդային Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչվել է այն դեպքում, որ Ադրբեջանը իրեն չի համարում Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ:

Ականատեսի աչքերով ներկայացրի նաև իրավիճակը սահմանապահ Վարդենիսում և կրակոցների թիրախ Սոթքում: Ընդգծեցի, որ 1 ամսից ավելի մոտ 800 աշխատակիցներ չեն կարողանում Սոթքի ոսկու հանքավայրում աշխատանքի գնալ: Սա լուրջ սոցիալական պրոբլեմ է Վարդենիսի ողջ տարածաշրջանի համար:

Պարոն դեսպանին ծանոթացրի նաեւ «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում մարդու իրավունքներին առնչվող լրջագույն խնդիրներին, մասնավորապես՝ խտրական վերաբերմունքին եւ ընտրովի արդարադատությանը։ Նշեցի, որ մի շարք հոդվածներ իրականում իշխանության ձեռքին գործիք են՝ պատժելու ընդդիմադիր՝ իրենց հայացքները չկիսող քաղաքացիներին։ Ներկայացրի այդ երեւույթի դրսեւորման մի շարք օրինակներ։ Հիշատակեցի ԱԺ ՄԻՊՀՀ հանձնաժողովի խայտառակ նիստի մասին, երբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը սպառնաց կտրել ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջադրված ՄԻՊ թեկնածուի ականջներն ու լեզուն եւ ոչ միայն մնաց անպատիժ, այլեւ իր խմբակցության մյուս անդամների հետ միասին մտածում են իմ պաշտոնանկության հարցը բարձրացնել այն բանի համար, որ չեմ արգելել Էդգար Ղազարյանին ելույթ ունենալ իրեն հասանելիք ժամանակահատվածում։

Ինչպե՞ս եւ ինչո՞ւ պիտի արգելեի…

Դեսպանին ներկայացրի, որ ապրիլի 20-ին՝ քաղաքական ակցիա իրականացնելիս, ինձ եւ իմ գործընկեր պատգամավորներին անվտանգության աշխատակիցները բռնությամբ դուրս հանեցին Ազգային ժողովի դահլիճից ընդմիջման ժամանակ եւ թույլ չտվեցին այլեւս մտնել ԱԺ դահլիճ: Այս անօրինության համար ոչ ոք պատասխանատվություն դեռ չի կրել:

Պարոն դեսպանին պատմեցի, թե ինչպես է ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը համացանցում սեռական բնույթի հայհոյանքներ ուղղում քաղաքացու հասցեին եւ կրկին մնում անպատիժ, իսկ երբ շարքային քաղաքացին է հայհոյում իշխանության որեւէ ներկայացուցչի, անմիջապես պատժվում է:

Զրույցի վերջում հայտնեցինք մեր երկուստեք պատրաստակամությունը՝ ընդլայնելու համագործակցության շրջանակները»:

Տեսանյութեր

Լրահոս