«Հայաստանը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս»․ Փաշինյանի տխրահռչակ մտքերը՝ միջազգային մամուլի էջերում
Այս անգամ Նիկոլ Փաշինյանի տխրահռչակ ասուլիսի գլխավոր մտքերը լայն արձագանք ու լուսաբանում գտան ոչ միայն՝ ռուսական ու ադրբեջանական լրատվամիջոցներում, փորձագիտական հանրության շրջանում, այլև տարածաշրջանային ու միջազգային հեղինակավոր մամուլի էջերում։ Միջազգային լրատվամիջոցներն ըստ էության առաջին անգամ արձանագրեցին, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, և հատկապես այս միտքը տեղ է գտել հեղինակավոր գրեթե բոլոր լրատվամիջոցներում։
Այսպես, նախօրեին՝ ըստ էության ասուլիսից անմիջապես հետո, թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը հրապարակեց «Հայաստանը պատրաստ է «Լեռնային Ղարաբաղը» ճանաչել որպես Ադրբեջանի մաս» վերտառությամբ լուր։ Թուրքական վերոնշյալ գործակալությունը մեջբերել է Փաշինյանի մեկնաբանությունը, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86,600 քկմ տարածքը, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղի տարածքը՝ նշելով, որ Փաշինյանն այս մեկնաբանություններն արել է Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից մեկ շաբաթ անց։
Թուրքական այս լրատվական ռեսուրսը ներկայացրել է նաև Փաշինյանի գնահատականները Հայաստանի ՀԱՊԿ անդամակցության դադարեցման հնարավորության վերաբերյալ։ «Եթե Հայաստանը դե յուրե որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, ապա դա տեղի կունենա այն բանից հետո, երբ Հայաստանը արձանագրի, որ ՀԱՊԿ-ը լքել է Հայաստանը։ Նման օրակարգ կա։ Այդ ժամանակ մենք ինքներս պետք է որոշենք անվտանգության հարցերը»,- այսպես են մեջբերել Փաշինյանի խոսքերը «Անադոլու» գործակալության էջերում։ Նույնպիսի հրապարակում էր արել նաև թուրքական «Ենիսաֆակ» պարբերականը։ Պակիստանյան «The Nation» լրատվամիջոցը ևս լուսաբանել է Փաշինյանի ասուլիսի այդ հատվածը, ըստ էության տեղադրելով այս լուրը թուրքական ռեսուրսներից նույնությամբ՝ նույն ձևակերպումներով և շեշտադրումներով։
Իրանական «Ֆարսնյուզ» լրատվական գործակալությունը ևս ամբողջ ասուլիսից առանձնացրել և իր ընթերցողին ներկայացրել է Փաշինյանի միտքը, որ ՀՀ-ն ճանաչում է ԼՂ-ն Ադրբեջանի կազմում՝ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
«Փաշինյանը նաև կոչ է արել անվտանգության միջազգային երաշխիքներ տրամադրել՝ մտահոգություն հայտնելով, որ մեխանիզմի բացակայությունը կարող է հանգեցնել նրան, որ Ադրբեջանը տարածաշրջանում «էթնիկ զտումներ» իրականացնի։ Փաշինյանը շարունակել է, որ Ադրբեջանը և Հայաստանը ակտիվ խաղաղ բանակցություններ են վարում՝ հույս հայտնելով, որ կողմերը կկարողանան արագորեն հարթել տարաձայնությունները»,- գրել է «Ֆարսնյուզ» լրատվական գործակալությունը։
Վերոնշյալ թեմային բավականին ծավալուն ձևով անդրադարձել է նաև հնդկական առաջատար «ՎԻՈՆ» լրատվամիջոցը, լուրը հրապարակելով «Բողոքի զանգվածային ցույցերի ֆոնին Հայաստանը «պատրաստ է» ճանաչել Լեռնային Ղարաբաղը՝ որպես ադրբեջանական տարածք» վերնագրի ներքո։ Ի տարբերություն մի շարք այլ լրատվամիջոցների, հնդակական «ՎԻՈՆ»-ը ուշադրություն է հրավիրել նաև երկրի ներքին քաղաքական իրավիճակի՝ լարվածության վրա, արձանագրելով, որ Հայաստանը ցնցվում է հակակառավարական ցույցերից, լրատվամիջոցը նշել է նաև, որ ընդդիմությունն ավելի վաղ ակնարկել է այս մասին, ինչպես նաև պահանջել Փաշինյանի հրաժարականը։ Հնդկական այս լրատվամիջոցը նաև ներկայացրել է վերջին բանակցություններից որոշ հայտնի մանրամասներ։
«Ռոյթերզ» գործակալությունը ևս գրել է Փաշինյանի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչելու պատրաստակամության մասին, հղում անելով ռուսական «ՏԱՍՍ» գործակալությանը։ Գերմանական «Դոլչե Վելլե» լրատվական գործակալությունը, սակայն, թեման ներկայացրել է՝ ինչպես ռեպորտաժի տեսքով, այնպես էլ՝ լուրերի թողարկման ընթացքում։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հնարավոր լուծում» հրապարակման մեջ լրատվամիջոցը նշում է, որ «Հայաստանն առաջարկում է վիճելի Լեռնային Ղարաբաղը ճանաչել որպես իր հակառակորդ Ադրբեջանին պատկանող տարածք։ Նախկին խորհրդային երկու հանրապետությունները տասնամյակներ շարունակ այս տարածքի շուրջ հակամարտություն են ունեցել: Փխրուն զինադադարը ճանապարհ հարթեց խաղաղ բանակցությունների համար»։ Ռեպորտաժի հեղինակ Քրեգ Քրոութերը ներկայացրել է Փաշինյանի նախօրեի խոսքերը, հակամարտության պատմության որոշ դրվագներ, ներկայացնելով նաև որոշ գծաքարտեզներ։
«Դոլչե Վելլե»-ի լուրերի թողարկման ընթացքում ևս վազող տողով ներկայացվել է, որ «Հայաստանը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս»։
«Eurasian Times»-ը ևս գրում է, որ Հայաստանը պատրաստ է Ղարաբաղը ճանաչել՝ որպես Ադրբեջանի տարածք, և, որ Փաշինյանն ակնարկում է պատերազմի դադարեցման մասին։ Այս լրատվամիջոցը, բացի Փաշինյանի ու Ալիևի վերջին որոշ մեկնաբանություններ մեջբերելուց, ներկայացրել է որոշ մանրամասներ հակամարտության, կարգավորման գործընթացի, ԵԱՀԿ Մինսկի խմբի և բանակցությունների մասին։
«Radio Free Europe»-ը, այսինքն՝ Ազատություն ռադիոկայանի միջազգային ծառայությունը ևս ներկայացրել է Փաշինյանի դիտարկումները կարճ տարբերակով, առավելապես ներկայացնելով մանրամասներ հակամարտության պատմության մասին։
Ռադիոկայանն ընդգծել է Փաշինյանի այն խոսքը, որ՝ «Հայաստանը պատրաստ է որոշակի պայմաններով ճանաչել Լեռնային Ղարաբաղը՝ որպես Ադրբեջանի մաս»։
Նշենք, որ ասուլիսը լայնորեն լուսաբանել են ռուսական ու ադրբեջանական գրեթե բոլոր լրատվամիջոցները։