Բաժիններ՝

Եթե ինչ-ինչ պատճառներով ներառված չեն ցանկում, կարող են դիմել. ովքե՞ր կստանան գույքահարկի արտոնություն

Երևանի ավագանին նախագիծ է մշակել, համաձայն որի՝ Երևանում սեփականության իրավունքով պատկանող և անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող բնակելի նշանակության շինությունների և փոխադրամիջոցի գույքահարկի համար կսահմանվի արտոնություն՝ Արցախի և Հայաստանի պաշտպանության, մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ ստացված վնասվածքներից հաջորդող տարիներին մահացած անձանց ընտանիքի անդամներին, առաջին, երկրորդ խմբի զինհաշմանդամներին, ինչպես նաև ՀՀ պաշտպանության ժամանակ գերեվարված, անհայտ բացակայող անձանց ընտանիքներին:

Վերոնշյալ խմբերի մեջ ընդգրկված է 1773 քաղաքացի, որից 564-ը՝ Արցախյան (Լեռնային Ղարաբաղի) և Հայաստանի Հանրապետության պատերազմների 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներ, 1209-ը՝ գերեվարված, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց և զոհվածների ընտանիքների անդամներ:

«1735 քաղաքացի կազատվի 2023թ. համար առաջարկված հարկային պարտավորությունների գումարից, իսկ 37 քաղաքացի կազատվի 2021, 2022 և 2023 թվականների համար հաշվարկված հարկային պարտավորություններից ու տույժի գումարից: Ընդհանուր գումարը կազմում է 20,937,472.0 (քսան միլիոն ինը հարյուր երեսունյոթ հազար չորս հարյուր յոթանասուներկու) ՀՀ դրամ»,- մանրամասնեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի պաշտոնակատար Արման Ջհանգիրյանը:

«Իմ քայլի» ավագանու անդամ Պավել Սարգսյանը նշեց, որ տեսականորեն հնարավոր է՝ այնպիսի մարդիկ լինեն, որոնք դիմեն այս արտոնությունից օգտվող մարդկանց և որոշակի գույք փորձեն իրենց անունով անել և օգտվել այս արտոնություններից:

Կարդացեք նաև

«Գործնականում ունե՞նք վերահսկողության մեխանիզմներ, և ինչպե՞ս ենք դա իրականացնելու, եթե գտնվեն նմանատիպ մարդիկ, որոնք կարող է հիպոթետիկ դիմեն իրենց»,- հարցրեց ավագանու անդամը:

Արման Ջհանգիրյանը պատասխանեց, որ ցուցակները կազմում են վարչական շրջաների կողմից ներկայացված տվյալների հիման վրա:

Անդրադառնալով ցանկում որոշ քաղաքացիների ներառված չլինելու հնարավորության հարցին՝ Արման Ջհանգիրյանը պարզաբանեց. «Եթե ինչ-ինչ պատճառներով ներառված չեն, կարող են դիմել և ներառվել ցանկերում»:

Որոշումն ընդունվեց 50 կողմ ձայնով:

Տեսանյութեր

Լրահոս