
Ճապոնիան բուժման կընդունի ուկրաինացի զինվորների

Ճապոնական կողմն Ուկրաինայի խնդրանքով Կիևին կտրամադրի շուրջ 100 ռազմական բեռնատար և այլ փոխադրամիջոցներ, ինչպես նաև մոտ 30 հազար լրակազմ բանակային օրաբաժիններ, որոնք օգտագործվում են Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի զինծառայողների կողմից։ Այդ մասին ասվում է Ճապոնիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Արտգործնախարարության տվյալներով՝ երկրի վարչապետ Ֆումիո Կիսիդան համապատասխան խոստումն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին տվել է մայիսի 21-ին Հիրոսիմայում կայացած բանակցությունների ընթացքում։
Ճապոնիայի կառավարության ղեկավարը նաև հայտարարել է, որ երկիրը կսկսի բուժման ընդունել ուկրաինացի վիրավոր զինվորների։ Գերատեսչությունը նշում է, որ Կիսիդան նաև խոստացել է կայուն կերպով տրամադրել մինչև այժմ հայտարարված 7.6 մլրդ ԱՄՆ դոլարի օգնությունն Ուկրաինային և աջակցել երկրի ենթակառուցվածքների վերականգնման հարցում։
Ճապոնիան մայիսի 19-ից մինչև 21-ն հյուրընկալել է «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովը Հիրոսիմայում։ Սկզբնապես ենթադրվում էր, որ Զելենսկին դրան կմասնակցի տեսակապի միջոցով, սակայն հետագայում նա ցանկություն էր հայտնել անձամբ մասնակցել հանդիպմանը։ Ուկրաինայի նախագահը մայիսի 20-ին Հիրոսիմայի օդանավակայան էր ժամանել Ֆրանսիայի կառավարական ինքնաթիռով: