Այդ խումբն իր ղեկավարի հետ պարզապես իրականացնում է այլազգային ռազմավարական ծրագրեր. Լարիսա Ալավերդյան
Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Նիկոլ Փաշինյանի ասուլիսները համարում է միմիայն ինքնաիրացման ձև, ոչ ավելին:
«Իր հայտարարություններն իրավական առումով առոչինչ են, ինչպես և՝ Արցախին վերաբերող հայտարարությունները: Ափսոս, մեր ժողովրդի մեջ կան խավեր, որոնք մինչ այսօր չեն հասկացել, թե ինչի համար են եկել, և ինչի համար են բերել ամենապղտոր կենտրոններն այդ քաղաքական նպատակները հետապնդող խմբին:
Դրանք քաղաքական ուժ չեն, այլ հավաքագրված խումբ են՝ երկու մասից բաղկացած նպատակն իրականացնելու համար՝ Արցախն ամբողջովին օր առաջ բռնակցել Ադրբեջանին, ինչը տեղի չի ունեցել որևէ պատմական ժամանակահատվածում, և Հայաստանը դարձնել Թուրքիայի կցորդ Ադրբեջանի կցորդը,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի՝ «86.600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը (Արցախի ներառմամբ) ՀՀ-ն պատրաստ է ճանաչել» հայտարարությանը՝ նշեց Լարիսա Ալավերդյանը՝ մանրամասնելով,- Այսինքն, այդ խումբն իր ղեկավարի՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հետ պարզապես իրականացնում է այլազգային ռազմավարական ծրագրեր»:
Իրավապաշտպանը հավելեց՝ Նիկոլ Փաշինյանի ասուլիսներն ավելի շատ արդարացում են, կամ ապացուցում են իր նվիրվածությունն այլ ազգային նպատակներին, քան ներքին լսարանի համար են:
«Ներքին լսարանի համար կա երկրորդային նպատակ. այն է՝ հոգեբանական այնպիսի վիճակի մեջ գցել ժողովրդին, որ նա կարծի, թե այլևս վերջ՝ այդ անձը վերջին ատյանն է ճշմարտության:
Դարձյալ պետք է ասեմ՝ բոլոր նրանք, որոնք մտածելու ունակություն ունեն, պետք է հստակեցնեն ևս մեկ անգամ՝ այդ անձնավորության հայտարարություններն առոչինչ են իրավական առումով: Նա այդ իրավունքները չունի՝ ինչպես և չուներ իրավունք միանձնյա ստորագրել 2020 թվականի նոյեմբերի այդ եռակողմ հայտարարությունը, նա չունի որևէ առնչություն այն տարածքների հետ, որի մասին այդ հայտարարության մեջ գրված է:
Մինչև կայացած, ունակ, գիտակից խավը չմիավորվի, իսկ այդ միավորման ճանապարհը տեսնում եմ, մենք հայտնվելու ենք միշելբորելյան և փաշինյաննիկոլ ծուղակի մեջ:
Ի դեպ, Բորելի հայտարարությունները, որոնք ամբողջովին հակասում են Եվրախորհրդարանի և Եվրամիության դիրքորոշմանը, չեն կարող զրկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նրա ժողովրդին ինքնորոշված իրավունքից»,- մանրամասնեց նա: