Ռևմատոլոգիական հիվանդությունները մեծ մասամբ կրում են խրոնիկ բնույթ և պահանջում են վերահսկողություն և կենսակերպի փոփոխություն
Ռևմատոլոգիական խնդիրները բավականին մեծ խումբ կազմող հիվանդություններ են, որոնք ուղեկցվում են հենաշարժական ապարատի և շարակցական հյուսվածքի ախտահարումներով: Ռևմատոլոգին պետք է դիմել, երբ պացիենտն ունի համակարգային ախտահարման արդյունքում հենաշարժական համակարգի հետ կապված որևէ խնդիր՝ հոդացավեր, մկանային ցավեր, ջլերի, կապանների ախտահարում, դրան զուգահեռ՝ ներքին օրգանների ախտահարում, մաշկի ցանավորում, քաշի անկում, ախորժակի նվազում, մազաթափություն և այլն:
«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակում այս մասին ասաց ռևմատոլոգ Լիլիթ Սևոյանը, նշելով, որ ռևմատոլոգիական հիվանդությունների ռիսկի գործոնները բազմաթիվ են. սթրեսը, ժառանգական նախատրամադրվածությունը, ծխելը, որոշ դեղորայքային ազդեցություններ, ինֆեկցիոն գործոնի հորմոնային ֆոնի փոփոխությունը, խրոնիկ բորբոքման օջախները, սառեցումը և այլն:
Անդրադառնալով ռևմատոլոգիական ամենատարածված խնդիրներից մեկին՝ հոդաբորբին, մասնագետը նշեց, որ դա հոդի բորբոքումն է, բայց իրականում միշտ չէ, որ հոդացավերի պատճառը հոդաբորբն է լինում, բայց ավելի հաճախ մենք ունենում ենք հոդերի բորբոքման պատճառով առաջացած ցավեր, որոնք կարող են լինել ջլակապանային ապարատի խնդիրների, աճառների մաշվածության հետ կապված և բուն հոդերի բորբոքման հետևանքով առաջացած ցավեր:
«Շատ հաճախ ցավի բնույթը մեզ օգնում է հասկանալ արդյո՞ք դա հոդացավ է, թե մեկ այլ խնդիր՝ այսինքն դա առավոտյան ցավ է, երեկոյան ցավ է, ֆիզիկական ակտիվությունը նպաստում է ցավի առաջացմանը, թե հակառակը՝ ֆիզիկական ակտիվությունը մեղմացնում է ցավը և իհարկե լաբորատոր գործիքային ստուգումները»,- ասաց նա:
Անդրադառնալով այն տարածված կարծիքին, որ եղանակային փոփոխությունները շատ մեծ ազդեցություն ունեն այն մարդկանց վրա, ովքեր ունեն հոդերի հետ կապված խնդիրներ, մասնագետը նշեց, որ գիտական հետազոտություններ և ապացույցներ չկան այդ մասին, բայց կա կարծիք, որ եթե արդեն առկա է հիվանդությունը, եղանակային փոփոխությունները նույնպես կարող են ազդեցություն ունենալ:
Նա նշեց, որ ռևմատոլոգիական հիվանդությունների մասին հուշող հիմնական ախտանիշները հոդաբորբը և հոդացավերն են, կարող են լինել նաև մկանային ցավեր, ջլերի, կապանների և ոսկրային ցավեր:
Անդրադառնալով ռևմատոլոգիական հիվանդությունների տեսակներին, բժիշկ Լիլիթ Սևոյանն ընդգծեց, որ տարբերում են ռևմատիկ տենդը, համակարգային շարակցական հյուսվածքի բազմաթիվ հիվանդությունները՝ ռևմատոիդ արթրիտ, համակարգային կարմիր գայլախտ, սկլերոդերմիա, Շեգրենի հիվանդություն, դերմատոմիոզիտներ, խառը տիպի հիվանդություններ և այլն:
Մասնագետը նշեց, որ ցավոք սրտի ռևմատոլոգիական հիվանդությունները մեծ մասամբ խրոնիկ բնույթ ունեն և պահանջում են երկարատև բուժում, վերահսկողություն և կենսակերպի փոփոխություն: Ռիսկային խմբում գտնվող մարդկանց համար ևս մասնագետը կարևորեց ապրելակերպի փոփոխությունը՝ առողջ սնունդը և ակտիվ ֆիզիկական կյանք վարելը:
Ռևմատոլոգիական խնդիրների՝ հատկապես հոդերի մասին, մի շարք հարցերի պատասխաններ ստանալու և մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:
Գայանե Գաբոյան