Դատավոր Ժորային դարձրեցին գործիք. Նա ցույց տվեց, որ դատական իշխանությունը կարող է լինել նաև անբարո». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կյանքի փորձ ու Հայրենիքի առջև վաստակ չունեցող դատավոր Ժորային, իմ կարծիքով՝ ընտրել էին միայն իր անվան համար: Նպատակն այն էր, որպեսզի երիտասարդ դատավորի իր «կերպարը» հակադրեն Հայրենիքի համար զոհված երիտասարդ զինվոր Ժորայի հերոսական կերպարին:

Դատավոր Ժորային դարձրեցին գործիք: Նա դրանով վատություն չարեց ո´չ տիկին Գայանեին, ոչ Հայրենիքի համար զոհվածների անմար հիշատակին, ոչ նրանց որդեկորույս Ծնողներին, ոչ էլ արժանապատիվ հայ մարդկանց:

Դատավոր Ժորան անարգեց նախ իրեն, իր կոլեգաներին ու մտերիմներին: Նա նսեմացրեց Հայոց պետականության դատական համակարգը: Նա ցույց տվեց, որ դատական իշխանությունը կարող է լինել նաև անբարո:

Օրենքը կացին չէ: Օրենքը նախ և առաջ մարդկության համակեցության նորմ է: Արդյոք կհամակերպվե՞ն արժանապատվություն ունեցող հայերն այն բանի հետ, որ Հայրենիքի համար զոհված զինվորի ծնողը կալանքի է վերցվել` առերևույթ գործած (ենթադրաբար` չգործած) «մեղքի» համար:

Վստահ եմ, որ Հայաստանի դատավորների 90%-ը չէր գնա բարոյականության տեսանկյունից այդ նսեմ քայլին: Որքան էլ գործի համգամանքներն արժանահավատ չլինեն` հասկանալի է, որ գործը պետք է քննվի, և դրա համար կան խափանման միջոցի տարատեսակ այլ ձևեր, բայց ո´չ կալանքը: Այստեղ օրենքը դադարում է օրենք լինելուց, որովհետև հատել է բարոյականության սահմանը:

Տեղի ունեցածում ոչ մի պատահական բան չկա: Դավաճանը չի´ ցանկանում միայնակ մնալ իր դավաճանության հետ»:

Տեսանյութեր

Լրահոս