ՔՊ-ն դեմ է քննիչ հանձնաժողովին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ «Հայաստան» խմբակցությունը մտադիր է ժամանակավոր քննիչ հանձնաժողով ստեղծել՝ ԱԺ պատգամավորների թույլ տված վարքականոնների խախտման դեպքերի քննության համար:
Դրանք են` Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացուն վիրավորելու եւ նրա վրա թքելու դեպքը, ՄԻՊ թեկնածուի քննարկման ժամանակ՝ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստին ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի վարքագիծը, Լաչինի միջանցքի թեմայով լսումների ժամանակ պատգամավոր Գուրգեն Արսենյանի հայտարարությունը, թե 120 հազար արցախցու համար չարժե վտանգել 3 միլիոն հայաստանցու ճակատագիրը։
ՔՊ-ականները, բնականաբար, դեմ են հանձնաժողովին։ Բայց եթե անգամ ընդդիմությունը հանդես գա նախաձեռնությամբ, ՔՊ-ն էլ հայտարարի, որ դեմ չէ, ստեղծվելուց հետո հանձնաժողովը պարապուրդի կմատնվի։ ԱԺ կանոնակարգ-օրենքն ասում է, որ հանձնաժողովում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ, այսինքն՝ մեծամասնությունը լինելու են ՔՊ-ականները․ եթե չներկայանան նիստերին, քվորում չի լինի»: