Մանկական ուռուցքաբանության 15-րդ համաժողովի անցկացումը Հայաստանում երկար ու մեծ աշխատանքի արդյունք է. Անահիտ Ավանեսյան
Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովի (SIOP Asia 2023 XV Congress) անցկացումը Հայաստանում երկար ու մեծ աշխատանքի արդյունք է:
Նման կարծիք հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը համաժողովի պաշտոնական բացմանը ժամանակ, ընդգծելով, որ սա հիանալի հնարավորություն է հայասատանյան մասնագետների համար ցույց տալու այն ձեռքբերումները, որոնք վերջին տարիներին նրանք ունեցել են:
«Այսօրվա միջոցառումը մեզ համար պատմական է, որովհետև առաջին անգամ Հայաստանում նման մասշտաբի մասնագիտական միջոցառում է անցկացվում և սա շատ լավ առիթ է՝ նախ ծանոթանալու այս պահին աշխարհում անընդհատ զարգացող բուժման նոր մեթոդների, հնարավորությունների և գիտական կարևոր աշխատանքների հետ: Այս համաժողովի իրականացումը մեծ աշխատանքի արդյունք է, քանի որ մեր մասնագետները մշտապես գործուղվում են նման մասնագիտական կոնգրեսների, ներկայացնում են Հայաստանում իրականացվող փոփոխությունները, զարգացումները, մասնակցում են գիտական տարբեր ժողովների և տպագրվում են բարձր վարկանիշ ունեցող տարբեր ամսագրերում: Մենք չենք բավարարվելու այս ձեռքբերումով և աշխատելու ենք, որ հաջորդիվ էլ թե՛ մեծահասակների, թե՛ մանկական քաղցկեղի վերաբերյալ գլոբալ համաժողովներ Հայաստանում շատ լինեն»,- ասաց Ավանեսյանը:
Նախարարը նշեց, որ անելիքներ դեռ շատ կան, բայց այն ցուցանիշները, որ այսօր Հայաստանը գրանցել է, բավական տպավորիչ են: Ըստ նրա՝ մանկական քաղցկեղի առումով գրանցված 75 տոկոս բուժման ցուցանիշը որպես զարգացող երկիր, իսկապես մեծ ձեռքբերում է:
Անդրադառնալով ոլորտում Հայաստանի ձեռքբերումներին, Ավանեսյանը նշեց ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստումը, որը բավական բարդ և թիմային աշխատանք պահանջող միջոցառում է:
«Նախորդ տարի մեր մասնագետները, բարձրակարգ կլինիկաներից այստեղ ժամանած բժիշկների օգնությամբ, որոնք իրենց փորձը և գիտելիքները փոխանցեցին մեր բժիշկներին, իրականացրին մի քանի նման փոխպատվաստումներ և մեր թիմը այժմ պատրաստ է շարունակելու այս գործընթացը: Նշեմ, որ տարբեր երկրներից նույնպես երեխաներ են ժամանել այդ փոխպատվաստումը և բուժումը Հայաստանում իրականացնելու նպատակով»,-ասաց Ավանեսյանը:
Իտալացի մանկական ուռուցքաբան, արյունաբան, ոսկրածուծի փոխպատվաստման մասնագետ Լոուրենս Բ. Ֆոլկները, խոսելով Հայաստանի գրանցած արդյունքներից, նշեց, որ փոխպատվաստում է իրականացվել 5 երեխայի մոտ, որոնցից 4-ը հաջողությամբ բուժվել են:
«Սա նշանակում է, որ մենք 80 տոկոս դեպքերում արդեն ունենք հաջողություն, իսկ Հայաստանում փոխպատվաստումներ իրականացնող թիմը հաջողությամբ իրականացնում է այդ բուժման գործընթացը և կարող է ընդլայնել այս ծառայությունը՝ ընդգրկելով ավելի շատ հիվանդների: Համաժողովի ընթացքում պատրաստվում եմ խոսել ոսկրածուծի փոխպատվաստման մասին՝ սահմանափակ ռեսուրսներ ունեցող զարգացող երկրներում, քանի որ այն թանկարժեք ծառայություն է և շատ երկրներում, ցավոք, անհասանելի է»,- ասաց մասնագետը:
Լոուրենս Ֆոլկներն ընդգծեց, որ Հայաստանում նման մեծ կոնֆերանսի անցկացումը մեծ ձեռքբերում է, քանի որ կան բազմաթիվ հիվանդություններ՝ չարորակ և բարորակ, որոնց տեսակները բազմաթիվ են և շատ կարևոր է, որ աշխարհի տարբեր երկրներից մասնագետները հավաքվեն և միասին քննարկեն այս հիվանդությունները, ախտորոշումը և բուժումը:
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ ունենալով նման հզոր արյունաբանության կենտրոն, որտեղ այդպիսի զարգացած մեթոդաբանություն և տեխնոլոգիաներ է կիրառվում՝ մեծ ձեռքբերում է:
«Ես ուրախ եմ և առանձնահատուկ հպարտ եմ, որ մեր երկիրը կարողացավ նման բարձր ցուցանիշ գրանցել և դա աննկատ չմնաց: Այսօր այստեղ են հավաքվել աշխարհի 60 երկրներից մի շարք հայտնի մասնագետներ, որոնք պետք է ամփոփեն իրենց ձեռքբերումները, և պատկերացում կազմեն, թե ինչպե՞ս Հայաստանը, լինելով զարգացող երկիր, կարողացավ այսպիսի հաջողությունների հասնել»,-ասաց Մուրադյանը: