«Էթնիկ զտում, ինտեգրացիա և այլն, իրենց համար երազանք է մնալու». Բերդաշենի գյուղապետ

Արցախի պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ Ադրբեջանի ԶՈւ-ն մայիսի 18-ին շփման գծի հյուսիսային, արևելյան և կենտրոնական ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ-17 նռնականետ։

Բերդաշեն գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել՝ այգում աշխատող քաղաքացիական անձանց, և ՀԱՆ-17 նռնականետից՝ Կաշենի հանքավայրի ուղղությամբ։

Հայկական կողմը կորուստներ չունի։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Բերդաշեն գյուղի ղեկավար Գեորգի Պողոսյանն ասաց, որ այս պահին գյուղում իրավիճակը նորմալ է, գյուղատնտեսական աշխատանքներն էլ շարունակվում են։

Կարդացեք նաև

«Միանշանակ գյուղատնտեսական աշխատանքները կատարվում են, գործը երբեք չի կանգնել, պարզ է, ամեն կրակոցից հետո պնդաճակատություն չենք անի ու ավելի մեծ խնդիրներ ստեղծենք, բայց մենք չենք կարող հողը չմշակել»,- նշեց Բերդաշենի գյուղապետը։

Նրա խոսքով՝ արցախցին դիմակայում է իր առջև ծառացած խնդիրներին։

«Խնդիրը նրա համար է, որ լուծում գտնենք, մենք էլ այդ լուծումներն ենք փնտրում, նման կերպ փորձում ենք այժմ առաջնորդվել։ Այս պահին ուժային պայքար չկա, մենք էլ պայքարում ենք այլ տարբերակով։ Այն, ինչ մտածում են՝ էթնիկ զտում, ինտեգրացիա և այլն, իրենց համար երազանք է մնալու։

ՀՀ-ի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ քաղաքական մեկնաբանություն չեմ տա, բայց կասեմ մի բան՝ մենք միշտ հայ կլինենք, Հայաստանի հետ մեր կապը միշտ լինելու է, մեր ազգային կերպարը երբեք չենք կորցնի»,- եզրափակեց Բերդաշենի գյուղապետը։

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը զավթելով Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, տեղադրեց անցակետ՝ հսկողություն սահմանելով ճանապարհով երթևեկողների նկատմամբ։ Բերձորի ճանապարհը նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից փակած ադրբեջանական կեղծ «բնապահպանները» մաքսակետերի տեղադրումից հետո հայտարարեցին, որ ժամանակավոր բացում են ճանապարհը։ Նրանց այս պահին Բերձորի միջանցքում փոխարինել են ադրբեջանական ոստիկանության և ուժային այլ կառույցների ներկայացուցիչները։

Տեսանյութեր

Լրահոս