ՔՊ-ական պատգամավորն Արցախի իշխանություններին կոչ է անում չհակադրվել ՀՀ իշխանությանը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հարցին, թե Հայաստանը պատրա՞ստ է Բերձորի միջանցքի հարցով որևէ բանակցության՝ Մոսկվայում նախատեսված Ալիևի հետ հանդիպման ժամանակ, նախ ինքը հարց ուղղեց՝ Լաչինի ի՞նչ հարցով, ապա շարունակեց պատասխանել իր իսկ առաջ քաշած թեմայի շրջանակում.
«Լաչինի հարցը հետևյալն է, կողմները պայմանավորվել են ապահովել անխափան կապ Հայաստան-Արցախ, ընդ որում, դրա պատասխանատուն Ռուսաստանն է, որին թույլատրվել է Արցախ մտցնել խաղաղապահ զորքեր, և 5 կմ տարածքում Ադրբեջանը որևէ իրավունք չունենա։ Մենք բազմիցս ասել ենք, որ փաստահավաք խումբ է պետք, ռուսները դրան կողմ չեն, բայց իրենք իրենց պարտականությունները չեն կատարում, չեն ասում՝ իրավունք չունեք այստեղ անցակետ դնելու»,- նշեց Վիգեն Խաչատրյանը։
Ըստ նրա, որպեսզի փաստահավաք խումբ գնա Արցախ, պետք է նաև Ռուսաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը։
«Որքանով ես եմ տեսնում՝ Ռուսաստանն ավելի շատ պրոբլեմներ է ստեղծում, քան լուծումներ է գտնում։
Ինքս 90 թվականից, այսպես թե այնպես, առնչություն ունեցել եմ Ղարաբաղի հիմնահարցի հետ կապված խնդիրների քննարկմանը։ Փորձը ցույց է տվել, երբ Ղարաբաղի իշխանությունները համագործակցել են Հայաստանի իշխանությունների հետ՝ լավ թե վատ, արդյունքներ ենք ունեցել, երբ հակադրվել են՝ առաջացել են խնդիրներ։ Դա եղավ 1997 թվականին, երբ Արցախը հակադրվեց Հայաստանի իշխանություններին, և մենք ստացանք այն, ինչ ունենք, մենք լուծումը գտել էինք: Այն, ինչ այսօր Արցախում կատարվում է, շատ վտանգավոր է»,- շեշտեց Վիգեն Խաչատրյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում