Հայաստան մտած կոկաինը «Զվարթնոցով» չի եկել, բայց ենթադրաբար մաքսային գոտի անցել է. Ռուստամ Բադասյան

Այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը պատասխանելով օրերս ԱԱԾ-ի կողմից հայտնաբերած 1 տոննա կոկաինի դեպքի վերաբերյալ հարցերին, նախ ասաց, որ հասկանում է՝ հանրությանը հետաքրքիր  են այս դեպքին վերաբերող տարբեր հարցերի պատասխանները, սակայն կա քրեական վարույթ, ուստի որևէ մանրամասն չի կարող ասել։

«Միայն կարող եմ ընդհանուր սխեմաների մասին խոսել, հետևել եմ մամուլում քննարկումներին, այսինքն, թե ինչ տարբերակներ են առաջադրվում, և այլն։ Եթե որևէ երկրից ապրանքն ուղեկցվող փաստաթղթերով պետք է տեղափոխվի մեկ այլ երկիր՝ վերջնակետ, դա տարբեր բաներ է նշանակում։ Տարբեր երկրների մաքսային մարմինները մշակում են ռիսկերի համակարգեր, որի հիման վրա պետք է վեր հանեն, թե որ բեռնատարն են ստուգում, դրա մասին գիտեն մաքսանենգ ճանապարհով ապրանք ներկրող ընկերությունները և դրա համար կիրառում են տարբեր մեխանիզմներ։ Եթե վերջնակետը նշվում է  որևէ երկիր, այդ երկիր կարող է հասնել նաև մաքսանենգ ճանապարհով ապրանք, կարող է ճանապարհին նաև այն կորել»,- նշեց Ռուստամ Բադասյանը։

Այս համատեքստում նա նաև հավելեց, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում թմրանյութերի օգտագործման ծավալն ավելացել է, հետևաբար՝ ՊԵԿ-ը ոստիկանության հետ նախապես մշակած ծրագիր ունեին, թե ինչպես մեկ օրվա ընթացքում հատուկ հսկողություն իրականացնեն մաքսային մարմինների գոտիներում։ Այս պատճառով էլ մայիսի 11 և 12-ին ՊԵԿ մաքսակետերում իրականացրել են ստուգումներ։

ՊԵԿ նախագահը չասաց նաև, թե բանան ներմուծող որ  ընկերության մոտ է կոկաինը հայտնաբերվել։

Կարդացեք նաև

«Ամբողջ աշխարհը ողողված է  թմրանյութերով, հետևաբար՝ դրանք հայտնվում են տարբեր շուկաներում մաքսանենգ ճանապարհով։ Իրանի հետ ՀՀ սահմանը որ կա, դեպքերի մեծամասնությունը հայտնաբերվում է  ռուս սահմանապահների կողմից, քանի որ գետի վրայով կա՛մ նետում են, կա՛մ դրոնով տեղափոխում են և թողնում են այնպիսի գոտում, որտեղից  իրենց հանցակիցները կարող են վերցնել։

Բացառված է, որ այդ կոկաինը «Զվարթնոցով» հասներ Հայաստան, բայց ենթադրաբար մաքսային գոտի անցել է։ Ցավալին այն է, որ Հայաստանում հայտնաբերվում են այնպիսի թմրամիջոցներ, որոնք խիստ մահաբեր են»,- ընդգծեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի առաջիկա տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս