«Գաղափարներն առանց գործողությունների վտանգավոր են». Ռուբեն Վարդանյան
Այսօր Ստեփանակերտում «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման ներկայացուցիչների մամուլի ասուլիսի ժամանակ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը դիմելով իր համախոհներին՝ ասաց, որ վերջին ամիսներին փորձել են հասկանալ ամենակարևորը, թե ինչպես կարող են մարդկանց ասել, որ Արցախի ապագան հենց իրենց ձեռքերում է և ոչ թե՝ ուրիշների։
«Արցախի ապագան մեր ձեռքերում է, հենց այս գաղափարի շուրջ համախմբվել են մարդիկ՝ շատ տարբեր ճանապարհ անցած, տարբեր փորձով։ Սա շատ կարևոր օրինակ է, որ Արցախում հնարավոր է՝ մարդիկ միավորվեն գաղափարի շուրջ, ոչ թե անձի շուրջ։ Ես ուրախ եմ, որ մարդիկ միավորվել են և հասկացել են այսօրվա շատ սուր իրավիճակը, որի առջև մենք կանգնած ենք։ Կանգնած ենք՝ որպես մարդիկ, որոնք պատասխանատու են գալիք սերունդների առջև, կանգնած են, որովհետև մենք ենք պատասխանատու մեր ապագայի համար»,- նշեց Ռուբեն Վարդանյանը։
Նրա փոխանցմամբ՝ իրենց կատարած առաջին կարևորը քայլն այն է, որ կարողացան միմյանց աչքերին նայելով՝ խոսել անցյալի մասին, լավ ու վատ ճանապարհի, գաղափարների մասին։
«Կարծում եմ՝ գաղափարներն առանց գործողության վտանգավոր են, գործողություններ անելով, ուղղակի ասելով, որ այս բանը պետք է անենք, առանց հասկանալու, թե մենք ուր ենք գնում կամ ինչպես ենք տեսնում մեր վերջնական նպատակը, շատ կարևոր է։ Ուրախ եմ, որ մենք բոլորս միավորվել ենք և՛ նպատակի, և՛ գաղափարի շուրջ։ Ուրախ եմ, որ կարողացել ենք մեր անձնական, կուսակցական ու տարբեր շահերը թողնել մի կողմ»,- հավելեց Ռուբեն Վարդանյանը։
Ըստ նրա, այսօր ձևավորված ճակատը հնարավորություն է տալիս ասելու, որ Արցախը կլինի անվտանգ, հայկական, երջանիկ ու ազատ։
«Այս առումով շատ կարևոր էր, որ մենք ասեինք՝ պատրաստ ենք գնալու մինչև վերջ, այլ ճանապարհ չկա, մենք պետք է անենք այդ շատ կարևոր քայլը՝ ասելով, որ մենք բոլորս միասին պատրաստ ենք պատասխանատվություն վերցնել ու հասնել մեր նպատակներին»,- շեշտեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում