«Իշխանությունը պետք է հասկանա, որ անվերջ տալով՝ խաղաղության չեն հասնի». Արտաշես Մխիթարյանը՝ Կոռնիձորի հանրահավաքին ընդառաջ
Մայիսի 20-ին ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ-ն երթ և հանրահավաք կանցկացնի Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքի տարածքում՝ հանուն Արցախի և ընդդեմ Ադրբեջանի։
168.am-ի հետ զրույցում «Կամավորական շարժում» ՀԿ գումարտակի շտաբի պետ, պահեստազորի գնդապետ Արտաշես Մխիթարյանը մայիսի 20-ին նախատեսվող հանրահավաքի մասին տեղեկացրեց, որ առավոտյան 07։00-ին շարժվելու են դեպի Կոռնիձոր՝ Հակարիի կամուրջի վրա Ադրբեջանի տեղադրած անցակետ: Հենց անցակետի դիմաց էլ հանրահավաք են անցկացնելու։
«Մենք այնտեղ խաղաղ ցույց ենք իրականացնելու, որի ժամանակ ելույթներ են լինելու՝ ի աջակցություն արցախահայությանը՝ ընդդեմ Ադրբեջանի, ցույց տալու Ադրբեջանի ոտնձգություններն ուղղված Արցախի դեմ։ Մենք ուզում ենք արցախահայությանը ցույց տալ, որ հայ ազգը՝ Հայաստանում ու սփյուռքում բնակվող, չեն ընկճվել վերջին պարտություններից, պայքարը շարունակվում է, և պատրաստ ենք ամեն կերպ աջակցել Արցախին»,- նշեց Արտաշես Մխիթարյանը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.600 քկմ տարածքով ճանաչելու մասին, Արտաշես Մխիթարյանը նախ ասաց, որ չի բացառվում, որ այդ ամենից հետո իրենց խաղաղ հանրահավաքի ժամանակ իշխանությունները գնան սադրանքների, սակայն համոզված են, որ անելու են այն, ինչ նպատակադրվել են, և որևէ խոչընդոտ չի կարող իրենց հետ պահել այդ նպատակներից։
«Եթե իշխանությունը պետք է մեզ խանգարի, իր գործն է, մենք գնում ենք Կոռնիձոր՝ խաղաղ հանրահավաք անելու համար։ Մեզ միանալու են Սյունիքի, Վայոց ձորի մարզերից, բոլոր մարզերից լինելու են, քանի որ մեր ՀԿ-ն բոլոր մարզերում ունի ենթակառույցներ ու կամավորներ, որոնք կգան Սյունիք։ Համոզված եմ, միայն մեր կազմակերպությունից չեն լինի, կլինեն նաև քաղաքական ու հասարակական այլ կազմակերպություններից։
Չեմ կարծում, որ այդ հանրահավաքով Ադրբեջանն իր տեղադրած մաքսակետը կհանի, այդ մաքսակետը պետք է այլ ճանապարհով հանվի, որի մասին չեմ խոսի։ Եթե Ադրբեջանն ուժի է դիմում, մենք էլ այնքան պետք է ուժեղ լինենք, որ կարողանանք հակազդել ու պատրաստվենք հաջորդ պատերազմին։ Թեպետ պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է։ Բայց այս իշխանությունները պետք է հասկանան, որ այսպես անվերջ տալով՝ խաղաղության չեն հասնի, որովհետև իրենց խաղաղության օրակարգը սուտ օրակարգ է։ Ադրբեջանի ախորժակը բացվել է, որքան շատ հանձնենք, նրանք այնքան ուզելու են, դրան զուգահեռ՝ ամեն օր զոհեր, վիրավորներ, ի՞նչ խաղաղության օրակարգի մասին է խոսքը։ Սուտ բան է, պետք է ուժեղ լինենք, որ կարողանանք զսպել, սա կլինի նաև այս իշխանությունների փրկօղակը, որպեսզի վերջնականապես չանցեն պատմության գիրկը՝ որպես դավաճաններ»,- հավելեց նա։
Արտաշես Մխիթարյանը հիշեցրեց նաև, որ 31 տարի առաջ այս օրն ազատագրվեց Բերձորը: Եվ չնայած Բերձորն այսօր շրջափակված է և գտնվում է ադրբեջանցիների հսկողության ներքո, միևնույն է՝ այն հայ ազգինն է։
«Մեր հայությունը հույսը չի կտրել, որ կազատագրվի, ինքս Բերձորի առաջին ազատագրմանը մասնակցել եմ 1992 թվականի մայիսի 17-18-ին, համոզված եմ, կգա օրը, որ բռնազավթված տարածքները կազատագրենք։ Վստահ եմ նաև, որ կլինի միացյալ Հայաստան, այդ հույսը միշտ ունեցել եմ»,- եզրափակեց Արտաշես Մխիթարյանը։