Ժամանակն է փողոցից եկած թիմին հակադրել հանրության թեկնածու. Վահե Հովհաննիսյան
«Այս մղձավանջային իրավիճակից դուրս գալու եզակի ճանապարհը համախմբումն է»,- «Համախումբը՝ որպես հայկական օրակարգ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:
Բանախոսը թյուր համարեց պատկերացումը, թե համախմբումն ընդդիմադիր ուժերի միավորումն է. ըստ նրա՝ ինչպես ցույց են տվել նախադեպերը, դա հաճախ տեխնիկական միավորում է դառնում, ինչն ամենևին համախմբումը չէ:
«Նաև շատ դժվար է այսօրվա բզկտված Հայաստանում խոսել հանրության տարբեր շերտերի համախմբման մասին, շատ դժվար է մտածել, թե ինչպես պետք է համախբվել այն շերտի հետ, որ ասում են՝ Ղարաբաղը տանք, պրծնենք, որ ասում են՝ Նիկոլն ի՞նչ մեղք ունի:
Կամ՝ մարդիկ, որոնք ծայրը ծայրին, մի կերպ, դժվար են ապրում, ինչպե՞ս պետք է համախմբվեն պետական կամ հանրային ռեսուրսների հաշվին մեծ փողատերեր դարձած շերտի հետ: Ես չունեմ դրա բանալին»:
Այսքանով հանդերձ՝ Վահե Հովհաննիսյանը կարծում է, որ այսօր կա համախմբման ռեսուրսը:
«Իմ կարծիքով, որպեսզի համախմբումը դառնա օրակարգ, պետք է ունենա մենեջմենթ. ինչ-որ մեկը, ինչ-որ միավոր կամ միավորներ, որը հայտ կներկայացնի դառնալու նոր հանրային էլիտա, պետք է զբաղվի համախմբման մենեջմենթով, որովհետև ինքնաբուխ համախմբում չի լինում»,- նշեց նա:
Քաղաքական և հանրային գործիչը համոզված է՝ համախմբման համար անհրաժեշտ գործոններն են բաց խոսակցությունը, հանրային հաշտեցումը (ի դեպ, այստեղ, ըստ նրա, կարևոր դերակատարում ունի Հայ Առաքելական եկեղեցին) և սուպեր իդեան՝ այն, ինչի շուրջ պետք է համախմբվել: Վերջինի մասին բանախոսը մանրամասնում է. «Հասարակությունն ուզում է փոփոխություններ, կայունացում, բայց այդ սուպեր իդեան ոչ մեկն իրեն չի տվել:
Զուտ կիրառական հողի վրա ես առաջարկում եմ փորձել համախմբման իդեա դարձնել այսօր բանտում անազատության մեջ գտնվող Գրիգորի Խաչատուրովի պաշտպանության հարցը, որովհետև դա մեկ անձի ապօրինի կալանք չէ, կամ մեկ անձի հանդեպ կիրառվող դատաիրավական տեռորը չէ:
Եվ երկրորդը՝ Երևանի գալիք ընտրություններին հանրության թեկնածուով հանդես գալը. ինչպես 2018 թվականին մեկը փողոցում ասում էր՝ ժողովրդի թեկնածուն պետք է դառնա վարչապետ, հիմա ժամանակն է՝ այդ փողոցից եկած թիմին հակադրելու հանրության թեկնածուին»:
Մանրամասները՝ տեսանյութում