Պետդուման չեղյալ է հայտարարել Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը
Այսօր ՌԴ Պետդուման ընդունել է օրենք Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի (ԵՍԶՈՒՊ) չեղարկման մասին։ Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:
«ԵՍԶՈՒ պայմանագրից վերջնական դուրս գալը և դրա չեղարկումը լիովին համապատասխանում են Ռուսաստանի անվտանգության ապահովման ազգային շահերին», – ասել է Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկին:
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ պատգամավորները որոշում են ընդունել չեղյալ հայտարարելու մասին՝ առաջնորդվելով Ռուսաստանի քաղաքացիների շահերով։
«Վաշինգտոնը և Բրյուսելը, տարված միաբևեռ աշխարհի կառուցման գաղափարով, ՆԱՏՕ-ն առաջ տանելով դեպի արևելք, ոչնչացրին անվտանգության ապահովման համաշխարհային համակարգը: Հյուսիսատլանտյան դաշինքի մասնակիցները, 1949 թվականին ստեղծելով ՆԱՏՕ-ն, հայտարարել են, որ դա անում են բացառապես պաշտպանական նպատակներով: Իրականում դաշինքը գայլ է գառան մորթիով, միայն հարձակվել է և հարձակվել, տառապանքներ պատճառել մարդկանց, կործանել պետություններ՝ Հարավսլավիան, Աֆղանստանը, Լիբիան, Իրաքը, Սիրիան», – գրել է նա Telegram ալիքում։
Փաստաթուղթը Պետդումա է ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ ԵՍԶՈՒ պայմանագիրն ստորագրվել է 1990 թվականին և ադապտացվել 1997 թվականին։ ՆԱՏՕ-ի երկրները չեն վավերացրել այս փաստաթղթի ադապտացված տարբերակը՝ շարունակելով հետևել 1990 թվականի դրույթներին, որոնք բովանդակում են սովորական սպառազինությունների նորմերը՝ ՆԱՏՕ-ի և Վարշավայի պայմանագրի կազմակերպության միջև հավասարակշռության հաշվարկով։ Դրա հետևանքով Ռուսաստանը հարկադրված էր 2007 թվականին հայտարարել համաձայնագրի պայմանների կատարման մորատորիումի մասին։
2015 թվականի մարտի 11-ին Ռուսաստանը դադարեցրել է իր մասնակցությունը ԵՍԶՈՒՊ-ի Համատեղ խորհրդատվական խմբի նիստերին՝ այդ կերպ ավարտելով պայմանագրին իր անդամակցության դադարեցման գործընթացը, սակայն զուտ իրավաբանորեն շարունակում է մնալ դրանում։ Այդ ժամանակվանից Ռուսաստանի Դաշնության շահերը Համատեղ խորհրդատվական խմբում ներկայացրել է Բելառուսը: