Բաժիններ՝

Լոնդոնը Կիևին նոր սպառազինություն է խոստացել. կայացել է Զելենսկի-Սունակ հանդիպումը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Լոնդոնի մերձակայքում գտնվող Չեքերս վարչապետական նստավայրում ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին: Կողմերի հանդիպումը տևել է 2 ժամ, որից հետո երկու ղեկավարները պատասխանել են լրագրողների հարցերին:

Սունակը հայտարարել է, որ հաստատակամ է Ուկրաինային աջակցելու հարցում և դիմել է Ռուսաստանին՝ ասելով. «Մենք ոչ մի տեղ չենք գնում»: Ռուսաստանը հայտարարել էր, որ չափազանց բացասաբար է վերաբերվում Բրիտանիայի կողմից Ուկրաինային Storm Shadow թևավոր հրթիռների, ինչպես նաև նոր ԱԹՍ-ների մատակարարմանը:

Սունակը նաև նշել է, որ Բրիտանիան շատ շուտով կսկսի ուկրաինացիների օդաչուների վերապատրաստումը կործանիչ ինքնաթիռների վրա: Իր հերթին Զելենսկին դարձյալ կործանիչ ավիացիա է խնդրել՝ «երկինքը վերահսկելու համար»:

Հանդիպումից առաջ Ռիշի Սունակի գրասենյակը հաղորդագրություն էր տարածել՝ հայտարարելով, որ Լոնդոնը Կիևին կտրամադրի հարյուրավոր լրացուցիչ զենիթահրթիռային համալիրներ և անօդաչու ավիացիոն համակարգեր, այդ թվում` գործողության ավելի քան 200 կմ շառավղով մեծ հեռահարության հարյուրավոր հարձակողական անօդաչու թռչող սարքեր: Մատակարարումները կիրականացվեն առաջիկա ամիսներին։

BBC-ն նշում է, որ Բրիտանիան արդեն 4.6 միլիարդ ֆունտ ստեռլինգի (5.7 միլիարդ դոլարի) ռազմական աջակցություն է տրամադրել Ուկրաինային:

Մայիսի 14-ին Զելենսկին գտնվում էր Փարիզում, որտեղ հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Մինչ այդ նա այցելել էր Գերմանիա՝ քննարկելով Կիևին ռազմական օգնության ավելացման հարցը։ Ուկրաինայի նախագահը նաև այցով եղել է Հռոմում և Վատիկանում՝ հանդիպելով Իտալիայի ղեկավարության և Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս