Բաժիններ՝

Դեֆոլտը կարող է խաթարել ԱՄՆ-ի համաշխարհային տնտեսական առաջատարությունը. ԱՄՆ ֆինանսների նախարար

Պետական ​​պարտքի վերին շեմի բարձրացման շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով ԱՄՆ-ում դեֆոլտի առաջացումը կարող է խաթարել Վաշինգտոնի տնտեսական առաջատարությունը միջազգային ասպարեզում։ Այդ մասին մայիսի 10-ին Նիգատա քաղաքում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը: Նա Ճապոնիա է ժամանել Մեծ յոթնյակի երկրների իր պաշտոնակիցների հետ հանդիպման համար։

«Դեֆոլտը կստեղծի ԱՄՆ-ի համաշխարհային տնտեսական առաջատարության խաթարման վտանգ: Դա նաև կասկածի տակ կդնի ազգային անվտանգության շահերը պաշտպանելու մեր ունակությունը», – մեջբերում է նրա խոսքերը ТАСС գործակալությունը:

Բացի դրանից, Յելենն «աղետալի» է անվանել դեֆոլտի առաջացման սցենարը՝ մասնավորապես նշելով, որ դրա հետևանքով միլիոնավոր ամերիկացիներ կարող են կորցնել աշխատանքը և մնալ առանց պետության խոստացած ֆինանսական աջակցության։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը վերջին ժամանակներս Կոնգրեսին կոչ է անում բարձրացնել պետական ​​պարտքի վերին շեմը, որն օրենսդրորեն սահմանված է 31,4 տրիլիոն դոլարի մակարդակում։ Հանրապետական ​​կուսակցությունը, որը վերահսկում է Ներկայացուցիչների պալատը, համաձայնել է բարձրացնել պարտքի վերին շեմը, սակայն դրա դիմաց պահանջում է կրճատել պետական ​​ծախսերը:

Դեֆոլտից խուսափելու համար հունվարին ԱՄՆ ֆինանսների նախարարությունն սկսել է արտակարգ միջոցներ ձեռնարկել փոխառությունների սահմանաչափին հասնելու պատճառով։ Խոսքը գնում է բյուջետային ծախսերի մի շարք այնպիսի կատեգորիաներից հրաժարվելու մասին, որոնք կարելի է հետաձգել ավելի ուշ ժամկետի:

Պետական պարտքի վերին շեմն առաջին անգամ ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունվել է 1917 թվականին: Դա ֆինանսների նախարարությանը թույլ չի տալիս կառավարության ​​գործունեության ֆինանսավորման համար թողարկել նոր պետական ​​պարտատոմսեր՝ երկրի պարտքի որոշակի մակարդակի հասնելուց կամ որոշակի ժամկետի ավարտից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս