«Իմ էրեխուն սպանողի հետ ես ո՞նց կարող եմ բարեկամություն անել, ինձ դրան չեն կարող վարժեցնել, իսկ իմ նման շատերը կան». զոհվածի հայր

Պատերազմից մոտ 3 տարի անց, այսօր «Եռաբլուրում» հուղարկավորեցին են 44-օրյա պատերազմում զոհված Արայիկ Բաղդասարյանի մասունքները:

44-օրյա պատերազմում զավակներ կորցրած ծնողների հիմնած «Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը հայտարարություն էր տարածել, որտեղ հայտնել էր, որ ԴՆԹ-ի մի քանի փորձերից, Հայաստանում սխալ պատասխանից հետո Գերմանիայում հաստատվել է, որ այդ եղած փոքրիկ մասունքը հենց տիկին Գոհարի տղայինը՝ Արայիկ Բաղդասարյանինն է։

Արայիկ Բաղդասարյանը ծնվել է 1996 թվականին, նա նաև քառօրյա պատերազմի մասնակից էր։

Կարդացեք նաև

Արայիկը 2020 թվականին, պատերազմի լուրը լսելուն պես՝ սեպտեմբերի 28-ին ԿԱՄԱՎՈՐ մեկնել էր Արցախ, մարտնչել է ամենաթեժ կետերից մեկում՝ Ջրականում։

Իսկ Եռաբլուրում այսօր Արայիկ Բաղդասարյանի հուղարկավորման արարողությանը ներկա էին 44-օրյա պատերազմում զոհված այլ հերոսների ծնողներ: Նրանք ապրում են այն ցավը, ինչ իրենց զավակների կորստի դեպքում: Իսկ այս ամենի վերջը դեռ չի երևում, թե որքան պիտի «Եռաբլուրում» փոսեր փորվեն:

44-օրյա պատերազմում զոհված Դավիթի հայրը՝ Բագրատ Ուզունյանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ «մթության մեջ գնում են, ուր են հասնելու, չգիտեն, վերջն անհայտ է»:

«Ասում է՝ բարեկամություն անենք, իմ էրեխուն սպանողի հետ ես ո՞նց կարող եմ բարեկամություն անել, կամ ընկերություն անել, կամ առհասարակ տեսնել իրենց: Ես չեմ պատկերացնում, որ կարող է իմ քաղաքով քայլեմ, և էդ ազգից ինչ-որ մեկը իմ քաղաքում կողքովս քայլի: Չգիտեմ՝ ում ոնց, բայց ինձ դրան չեն կարող վարժեցնել, իսկ ինձ նման շատերը կան: Ես անգամ հային չեմ կարողանում ընդունել, որ բարձր մուզիկա է լսում»,- ասաց զոհվածի հայրը:

44-օրյա պատերազմում զոհված Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանն էլ շեշտեց՝ իրենք հանուն արդարության են դուրս եկել պայքարի, իրենցից յուրաքանչյուրը երդվել է իր որդու շիրիմի առաջ, որ պայքարը շարունակական է լինելու, որ իրենց որդիների թափած արյան պատասխանը պիտի ստանան:

«Մենք իրավականից անցել ենք քաղաքական պայքարի, որովհետև այս երկրում իրավական համակարգը չի գործում, ամբողջը կառավարվում է մեկ տեղից, մեկ կոճակով, որը էդ աննորմալ Փաշինյանի ձեռքում է: Իր հրահանգը հասնում է ամենավերջին կետին, որտեղ կանգ է առնում իրավական պրոցեսը»,- ասաց Վահիդ Սահակյանը:

44-օրյա պատերազմում զոհված Եվրոպական համալսարանի շրջանավարտ Գևորգ Ավդիխանյանի հայրը՝ Բորիկ Կոյտիկովն իր հերթին հավելեց, որ պատերազմից հետո շատ բան են բացահայտել, հատկապես Շուշիի հետ կապված, այնուհետ ցավով արձանագրեց.

«Այսօր մենք չենք ուզում գիտակցել, թե վաղվա օրը ինչ կարող է լինել: Երբ մեկ տարի առաջ սկսվեց մեր ըմբոստությունը կառավարության դեմ, մենք ասացինք, որ նոր զոհեր կարող  են լինել, և ժողովուրդը դա տեսավ: Բայց ամեն մայր, ամեն ընտանիք կարծում է, որ իր որդին դրանից հեռու է, բայց ժամանակներն այլ բան ցույց տվեցին»:

44-օրյա պատերազմում զոհված Արամ Տոնոյանի հայրը՝ Աշոտ Տոնոյանը, պատասխանելով լրագրողներին հարցին, թե ինչու իրենց՝ պայքարողների շարքերը չեն ավելանում, ասել է, որ մի մասը բացահայտ նիկոլապաշտ է, մի որոշ մասը կոտրվել է, գտնում են, որ ամեն ինչ անիմաստ է, բայց իրենք նոր ձևով են փորձում պայքարել:

«Բոլոր ուժային կառույցները Նիկոլի պատվո պահակախումբն են»,- ընդգծեց նա:

Տեսանյութեր

Լրահոս