«Ես ամաչում եմ դատավոր Նաիրա Հովսեփյանի փոխարեն…». Մարինե Ֆարմանյան

Փաստաբան, ՀՀ Փաստաբանական ակադեմիայի գիտագործնական դեպարտամենտի ղեկավար Մարինե Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ Նաիրա Հովսեփյանի կողմից կատարված հերթական, դատավորի գործունեությանը ոչ հարիր արատավոր վարքագծի, դատական նիստեր վարելու նրա կերպի անթույլատրելիության մասին:

Ես ամաչում եմ դատավոր Նաիրա Հովսեփյանի փոխարեն։

«Անվճար իրավաբանական օգնության շրջանակում մեր գործընկերները մի կնոջ են օգնել՝ նրա հիվանդ որդուն անգործունակ ճանաչելու խնդրով, և կազմել են հատուկ վարույթի դիմում՝ տեղեկացնելով դիմողին, որ անգործունակ ճանաչվող անձի համար դատարանը պարտադիր կարգով հանրային պաշտպան կներգրավի և առհասարակ, այսօրինակ գործերով դատարաները միշտ ուշադիր են։

Այս գործը 2022 թվականի հուլիսի սկզբից գտնվում է դատավոր Հովսեփյանի վարույթում և նշանակվել են 7 դատական նիստեր, որոնց ընթացքում բացարձակապես ոչինչ չի արվել․ անգործունակ անձին իրավաբանական օգնություն տրամադրելու մասին որոշում չի կայացվել, փորձաքննություն չի նշանակվել։ Երեկ առավոտյան կայացել է այս գործով 7-րդ նիստը, որից հետո անգործունակ ճանաչվողի մայրը դիմեց ինձ և լացելով խնդրում էր ազատել իրեն այդ անօրեն դատավորից։

Դատավոր Հովսեփյանը պարտավոր էր անձին անգործունակ ճանաչելու դիմումը վարույթ ընդունելուց անմիջապես հետո, անգործունակին անձի համար եռօրյա ժամկետում հանրային պաշտպան ներգրավել, ինչը չի արել։ Դեռ ավելին՝ մոտ մեկ տարի անց տեղի ունեցած դատական նիստում նախատել է դիմողին ավելորդ խոսելու համար և նրան ուղղորդել է, որպեսզի դիմողը հաջորդ դատական նիստին ապահովի իր հանրային պաշտպանի ներկայությունը։ Մինչդեռ դիմողը մինչև վերջերս գրանցված աշխատող է եղել և չէր կարող հանրային պաշտպան ունենալ, հետևաբար նրա հիվանդ որդուն պաշտպանով ապահովելը դատարանի պարտականությունն է։

Ես տեղեկացրեցի դիմողին դատավորի՝ թանկանգին կորստի մասին, սակայն դա նրան չսփոփեց, քանի որ նրա որդին հենց մեր աչքի առջև ցնորված բղավում էր, թքոտում էր ու թուքը քսում էր մոր վրա․․․ Ու այսպիսի հիվանդություն ունեցող մարդու գործ է անտեսում «արդարադատության խորհրդանիշը», ինչպես ինքն է սիրում այս արտահայտությունն անտեղի շռայլել թոշակի գնացած իր՝ դատավոր ընկերուհիներին։

Դիմողն ի վերջո հանրային պաշտպան կունենա, որովհետև ստիպված ազատվել է աշխատանքից՝ որդուն խնամող չունենալու պատճառով, իսկ դատավոր Հովսեփյանի հերթական անարդարադատությունից ես եմ ամաչում․․․

Իբր դատական բարեփոխումներ են արվում…»,-գրել էր Մարինե Ֆարմանյանը:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս