Նիկոլ Փաշինյանը և Չեխիայի վարչապետը քննարկել են Հայաստանից Չեխիա արտահանման ակտիվացման հարցը

Նիկոլ Փաշինյանը և Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան քննարկել են Հայաստանից Չեխիա արտահանման ակտիվացման հարցը։ Այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ Չեխիայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ` անդրադառնալով «Արմենպրես»-ի թղթակցի հարցին, որը վերաբերվում էր երկու երկրների տնտեսական համագործակցության հեռանկաներին և խնդիրներին։

«Մենք, իհարկե, քննարկել ենք Հայաստանից Չեխիայի շուկա արտահանման ակտիվացման հարցը։ Շնորհակալ եմ վարչապետ Ֆիալային այդ գործում աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար։

Հայաստանում նույնպես այդ հարցերը քննարկում ենք։ Եվրամիության շուկա մուտք գործելու հետ կապված կան և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ այլ խնդիրներ, բայց կարևոր է, որ մենք մեր արտադրության և արտադրանքի որակի ստանդարտները շարունակաբար բարձրացնելու ուղղությամբ աշխատենք։ Չնայած հիմա ևս կարող ենք արձանագրել, որ կան արտադրանքներ, որոնք արդեն իսկ այսօր էլ իրենց ստանդարներով կարող են մրցունակ լինել Չեխիայի շուկայում։ Մեր դեսպանները հանդիպման ընթացքում հաստատեցին, որ այդ ներուժը կա և իրենք էլ խոստացան, որ ակտիվ կզբաղվեն այդ հարցով»,- ասաց վարչապետը։

Չեխիայի վարչապետն իր հերթին նշեց, որ 2022 թվականին առևտրի ծավալները ավելացել են 107 տոկոսով, ինչն կտրուկ ավելացում համարեց։

«Մենք խոսեցինք նաև այն մասին, թե ինչ ապրանքներ կարող են հետաքրքրիր լինել Չեխիայի շուկա արտահանելու համար։ Կազմեցինք համապատասխան ապրանքների ցուցակը։

Ինչ վերաբերվում է երկուստեք առևտրի ավելացնելուն, ապա դա բազմաթիվ հանգամանքների հետ է կապված։ Օրինակ՝ պայմանավորվեցինք, որ ցանկանում ենք խորացնել կապերը ժողովուրդների միջև, զարգացնել զբոսաշրջությունը և այդ ամենը կնպաստի փոխադարձ համագործակցությանը և վստահության ամրապնդմանը։ Ի վերջո, մարդիկ ձեր ապրանքները ավելի գրավիչ կհամարեն»,- եզրափակեց Ֆիալան։

Տեսանյութեր

Լրահոս