Մենք մտահոգված ենք ԼՂ-ում մարդասիրական իրավիճակով, որի պատճառը Լաչինի միջանցքի շրջափակումն է․ Չեխիայի վարչապետ
Չեխիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակով, որի պատճառը Լաչինի միջանցքի շրջափակումն է։ Այս մասին հայտարարեց Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Մենք անուշադրության չենք մատնում բոլոր այն խնդիրները և մարտահրավերները, որոնք Հայաստանի առջև ծառացած են։ Մենք տեղյակ են բարդ իրավիճակի մասին՝ քաղաքական անվտանգության և աշխարհագրական։ Մենք մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակով, որի պատճառը Լաչինի միջանցքի շրջափակումն է և մենք համաձայն ենք Եվրամիության դիրքորոշման հետ այդ հարցում։ Մենք հավատացած ենք, որ պետք է բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկվեն, որպեսզի խաղաղություն և կայունություն հաստատվի Լեռնային Ղարաբաղում և ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանում»,- ասաց Պետր Ֆիալան։
Ինչ վերաբերվում է տարածքային ամբողջականությանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ Չեխիայի վարչապետը կարևորեց այն, որ կնքվի այնպիսի խաղաղության պայմանագիր, որը ընդունելի կլինի բոլոր կողմերի համար։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկման ժամանակ հասկացա, որ Հայաստանը հետաքրքրված է խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում ամրապնդելու հեռանկարով։ Հայաստանը շատ է հետաքրքրված, որպեսզի տևական լուծումներ լինեն»,- եզրափակեց Չեխիայի վարչապետը։