Կենսաբանները պարզել են, որ մարսողական համակարգի անատոմիան տարբեր է բոլոր մարդկանց մոտ
Առողջ անհատների մոտ աղիների և մարսողական այլ օրգանների անատոմիան կարող է մեծապես տարբերվել: Այս մասին հայտնում է Հյուսիսային Կարոլինայի պետական համալսարանը։
«Ավելի քան մեկ դար առաջ անցկացվել է հետազոտություն, որը հայտնաբերել է մարդու աղիքների հարաբերական երկարության փոփոխականությունը, սակայն այդ ժամանակից ի վեր հետազոտության այս ոլորտը հիմնականում անտեսվել է: Երբ մենք սկսեցինք ուսումնասիրել այս հարցը, մենք զարմացանք մեր գտած փոփոխականության քանակով», – shantnews-ի փոխանցմամբ՝ ասել է նոր աշխատության հեղինակ Ամանդա Հեյլին:
Գիտնականները չափել են 45 մարդու մարսողական օրգանները, ովքեր իրենց մարմինը կտակել են գիտությանը։
«Օրինակ՝ կույր աղիքը օրգան է, որը գտնվում է հաստ ու բարակ աղիքների միացման տեղում։ Մեկ մարդու մոտ կույր աղիքը կարող է ունենալ ընդամենը մի քանի սանտիմետր երկարություն, իսկ մյուսի մոտ՝ դրամապանակի չափ։ Եվ մենք հայտնաբերել ենք նմանատիպ փոփոխականություն շատ մարսողական օրգանների համար»,- հայտնել են գիտնականները:
Մասնավորապես, պարզվել է, որ կանայք միջինում ավելի երկար բարակ աղիքներ ունեն, քան տղամարդիկ։
Այս ուսումնասիրությունը, ըստ հեղինակների, կարող է ունենալ երկու գործնական կիրառություն. նախ, դա կօգնի ավելի լավ կրթել բժշկական ուսանողներին և ցույց տալ նրանց մարմնի օրգանների հնարավոր տատանումները, մյուս կողմից, անատոմիայի անհատական առանձնահատկությունների վերլուծությունը կարող է հիմք հանդիսանալ անհատականացված բժշկության համար: