
Անպայման ուզում էի կանգ առնել այստեղ. Ֆրանսիայի ԱԳ նախարարը մոմ վառեց Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում

Տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան Ջերմուկ այցելության ընթացքում Սուրբ Գայանե եկեղեցի մտավ և մոմ վառեց այնտեղ:
Նախարարը նախ կանգ առավ եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի մոտ:
«Ջերմուկ գնալիս ճանապարհին նկատեցի եկեղեցին: Եվ վերադառնալիս անպայման ուզում էի մի պահ կանգ առնել, որովհետև մեր պատկերացման մեջ Հայաստանը ներկայացված է նաև այս շատ գեղեցիկ եկեղեցիներով»,-ասաց Ֆրանսիայի արտգործնախարարը՝ եկեղեցու քահանայի հետ զրուցելիս:
Ապա նախարարը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են Հայաստանում եկեղեցիները հիմնականում քաղաքից դուրս կառուցում: Քահանան պատասխանեց՝ երբեմն այդպես են կառուցվում, որ մարդիկ քայլելով որոշակի ճանապարհ անցնեն եկեղեցի հասնելու համար:
Քահանան տեղեկացրեց նաև, որ Սուրբ Գայանե եկեղեցին կառուցվել է 2007 թվականին:
Ֆրանսիայի ԱԳ նախարարը մոմ վառեց եկեղեցում: