Նիկոլ Փաշինյան․ ամենախորամանկը՝ միջին վիճակագրական պողոսներից

Նիկոլ Փաշինյանի մտածողության առանձնահատկությունը, համարժեքությունը, դրանում արտահայտվող հաշվարկներն ու թաքցվող շերտերը հասկանալը որքան բարդ, նույնքան կարևոր է՝ գնահատելու համար այն, ինչ նա անում է Հայաստանի հետ, և, որ ավելի կարևոր է՝ այն, ինչ նա դեռ պատրաստվում է անել։

Դա կարևոր է, որովհետև Հայաստանն իրականում ավտորիտար պետություն է, որում ձևականորեն գործող ժողովրդավարական ինստիտուտների, հակակշիռների համակարգերի առկայության պայմաններում, որոշումներն իրականում կայացվում են մեկ մարդու կողմից, այդ նույն մեկ մարդու մոտիվների, պատկերացումների, ցանկությունների, համակրանքների ու հակակրանքների հիման վրա։

Ահա այդ տեսանկյունից Նիկոլ Փաշինյանի այս կամ այն արտահայտությունը պետք է դիտարկել ոչ միայն էժանագին քարոզչության, այլ նաև մտածողության, լեզվամտածողության ու դրա հիման վրա կատարվող գործողությունների հարթությունում։

Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե «մենք կառավարող էլիտա չենք, մենք ՀՀ միջին վիճակագրական քաղաքացիներ ենք», առաջին հայացքից կարող է թվալ, որ նա հերթական անգամ ցանկանում է դուր գալ ոչ այնքան բարձր կրթական ցենզ ունեցող իր թվացյալ էլեկտորատին։ Այդ մղումը Փաշինյանը, իհարկե, ունի, որովհետև նա վաղուց պետք է որ հասկացած լինի՝ մտածել կարեցող ցանկացած մեկն իր ու իր իշխանության հակառակորդն է ու թշնամին։

Կարդացեք նաև

Բայց Փաշինյանի հակաէլիտարիզմն ունի նաև այլ՝ նրա մտածողությունը ու որպես դրա հետևանք՝ պետությանն ու պետական կառավարման նկատմամբ նրա վերաբերմունքը բացահայտող շերտ։ Իրեն հռչակելով որպես «միջին վիճակագրական քաղաքացի»՝ Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ պետությանն ու իշխանությանը ինքը վերաբերվում է հենց միջին վիճակագրական քաղաքացու դիրքերից։

Իսկ միջին վիճակագրական քաղաքացին, եթե իրերը կոչենք իրենց անուններով ու առանց ձևականությունների, պետությանն ու իշխանությանը վերաբերվում է հենց այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանը՝ որպես վայելքի, իր ու իր հարազատների համար արտոնությունների անսպառ հնարավորությունների, պետական միջոցների յուրացման ու էլի բազմաթիվ այլ արատավոր երևույթների աղբյուր։

Ահա, ուրեմն, Նիկոլ Փաշինյանը գիտակցված կամ ոչ՝ խոստովանում է, որ իշխանությանն ինքը վերաբերվում է ճիշտ նույն կերպ, ինչպես երևանյան որևէ բակում նարդի խաղացող միջին վիճակագրական Պողոսը, որը քննադատելով բոլոր իշխանություններին՝ երազում է որդուն կաշառակեր չինովնիկ դարձնելու մասին։ Հակաէլիտարիզմը, որին Նիկոլ Փաշինյանը հակադրում է սեփական պոպուլիզմն ու պլեբեյիզմը՝ որպես մտածողության ձև ու կենսափիլիսոփայություն, իրականում հակապետական է։ Որովհետև, որքան էլ իրենց պատռեն պոպուլիզմի քարոզիչները, պետության կառավարումն այդուհանդերձ էլիտար զբաղմունք է՝ այդ բառի բովանդակային և ոչ թե փաշինյանական հակաքարոզչության իմաստով։

Իսկ բոլոր «միջին վիճակագրական պողոսները» երազում են ապրել կառավարական առանձնատներում, երթևեկել շքեղ ավտոմեքենաների կորտեժներով և ծաղիկներից պաշտպանվել թիկնապահներով։ Նրանցից, սակայն, միայն Նիկոլ Փաշինյանին է հաջողվել իրականություն դարձնել այդ երազանքը, որին փորձում են խանգարել էլիտաները, առանց որոնց որևէ պետություն չի կարող երկար գոյատևել։

Նաև դա է պատճառը, որ Հայաստանում ամեն օրվա հետ իրական պետության ոչնչացմանը հակադարձ համեմատական կարգով բարգավաճում է պայմանական պողոսապետությունը։ Նիկոլ Փաշինյանի զրահապատ հովանու ներքո։ Լայն իմաստով, այս պետության գահավիժման այս ընթացքը կանգնեցնելու միայն մեկ ճանապարհ կա՝ պետությունը վերադարձնել իրական՝ քաղաքական, քաղաքացիական, մտավորական ու մասնագիտական  էլիտաներին՝ Հայաստանը գոնե որպես միջին վիճակագրական պետություն պահպանելու համար։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս