ՀՀ-ն տեղեկացված է, որ ԵՄ առաքելությունն ադրբեջանական կողմին տեղեկացնում է իր պարեկային երթուղու մասին. ՀՀ ԱԳՆ խոստովանությունը

Շաբաթներ առաջ Տեղ համայնքում տեղի ունեցած արյունալի բախմանը զուգահեռ՝ Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը բացահայտեցին՝ ՀՀ-ում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը համագործակցում, ավելին, ամենշաբաթյա ռեժիմով տեղեկատվություն է փոխանցում ադրբեջանական կողմին առաքելության գործունեության գրաֆիկի վերաբերյալ:

Այս նորությունը հայաստանյան քաղաքական, փորձագիտական և հասարակական շրջանակներում բավականին մեծ աղմուկ բարձրացրեց, քանի որ խիստ կասկածելի է, թե նմանատիպ դիտորդության դեպքում ընդհանրապես ի՞նչ միջադեպ են արձանագրելու և դրա հիման վրա ի՞նչ տեղեկություններ են փոխանցելու Բրյուսել դիտորդները: Այստեղ ավելորդ չի հիշել հենց վերոնշյալ՝ Տեղ գյուղի ցավալի դեպքերի մասին, որոնք կարծես այս ռեժիմով դիտորդների գործունեության լակմուսի թուղթը դարձան:

Անմիջապես միջադեպից հետո 168.am-ը հարցերով դիմել էր Եվրոպական հանձնաժողովի մամուլի ծառայությանը, մասնավորապես՝ ԵՀ պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերին և խոսնակ Պիտեր Ստանոյին՝ խնդրելով գնահատել միջադեպը և ներկայացնել այն քայլերը, որոնք ԵՄ-ն պատրաստվում է իրականացնել:

Մեզ ուղարկված պատասխանից ուշագրավ նրբություններ ի հայտ եկան: Եվրոպական հանձնաժողովի Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության մամուլի պատասխանատու Պալոմա Հոլ Կաբալերոն 168.am-ի հարցերին ի պատասխան՝ նշել էր, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA) իր մանդատի շրջանակներում ապրիլի 11-ի առավոտյան հերթական պարեկությունն է իրականացրել Տեղ և Կոռնիձոր գյուղերի տարածքում:

«Սակայն նրանք չեն եղել այն հատվածում, որտեղ միջադեպն է տեղի ունեցել: Ուշ կեսօրին առաքելությանը Հայաստանի իշխանություններն են հայտնել կրակոցների մասին»,- նշել էր ԵՀ ներկայացուցիչը՝ սրանով իսկ հաստատելով արդեն իսկ ընդդիմադիր շրջանակներում շրջանառվող հիմնավոր մտավախությունները, որ Ադրբեջանին նախապես փոխանցվող տեղեկությունները պատասխանատվությունից ազատում են թե Ադրբեջանին, թե եվրոպական կողմին, որը երբեք որևէ միջադեպի ականատեսը չի դառնալու, Ադրբեջանը երբեք սադրանք չի հրահրելու այն ուղղությամբ, որտեղ տվյալ պահին գործունեություն են ծավալում դիտորդները, ինչի արդյունքում դիտորդները կարող են անվերջ մշտապես հղում անել այս կամ այն աղբյուրին՝ ինչպես այս դեպքում՝ ՀՀ իշխանություններին, հետևաբար՝ դրան գնահատական տալու նրա հնարավորությունները սահմանափակ են:

Եվ ստացվում է, որ դիտորդները կարող են անվերջ անել երկու կողմերին ուղղված հայտարարություններ՝ հստակ չարձանագրելով, թե իրականում ինչ է տեղի ունենում սահմանին, և ով է սադրանքների հեղինակը: Այս դեպքում ԵՄ դիտորդների ներկայությունը Հայաստանում որևէ կերպ հիմնավորված չէ, նույն գործունեությունը՝ հետևել իրավիճակին, տարածել անհասցե հայտարարություններ, կարող են իրականացնել ռեգիոնով զբաղվող եվրոպացի դիվանագետները Բրյուսելից: Անհասկանալի է, թե ինչպես է դիտորդական առաքելության ներկայությունը ՀՀ-ում ամրապնդում ՀՀ անվտանգությունը թե ռազմական գետնի վրա, թե քաղաքական:

Այս ֆոնին հարցեր են առաջանում նաև ՀՀ իշխանություններին և մասնավորապես ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությանը՝ արդյո՞ք հայկական կողմը տեղեկացված եղել է, որ այս տեղեկատվությունը փոխանցվում է, որից բխում է, որ դիտորդական առաքելության գործունեությունը կարող է գործնականում որևէ անվտանգային և քաղաքական օգուտ չտալ Հայաստանին: Եվ պարզվեց, որ հայկական կողմը տեղյակ եղել է:

Օրերս ՀՀ ԱԳՆ-ին դիմել էինք հետևյալ հարցերով.

– Հայաստանի Հանրապետությունը տեղեկացված եղե՞լ է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը տեղեկատվություն է կիսում Ադրբեջանի հետ, որն օրերս հաստատեց Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Եթե տեղեկացված եղել է, տվե՞լ է արդյոք իր համաձայնությունը, որպեսզի նմանատիպ տեղեկատվություն ամենշաբաթյա ռեժիմով փոխանցվի Ադրբեջան:

– ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր հանրային ելույթներում բազմիցս նշել է, որ Երևանին հասանելի չեն դառնում ԵՄ դիտորդական առաքելության զեկույցները, դրանք ուղարկվում են Բրյուսել, այնինչ օրերս պարզ դարձավ, որ ԵՄ-ն տեղեկատվություն է կիսում Ադրբեջանի հետ: Ո՞րն է պաշտոնական Երևանի արձագանքն այն փաստին, որ, ըստ նախարար Միրզոյանի, Երևանի հետ այդ տեղեկատվությունը չի կիսվում, իսկ Բաքվի հետ՝ կիսվում է:

– ԵՄ դիտորդների գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում պահանջում է նաև համապատասխան երկկողմ պայմանագիր, որի մասին խոսել է նաև Նիկոլ Փաշինյանը: Անցել է արդեն երկու ամիս, ինչ ԵՄ դիտորդական առաքելությունը տեղակայվել է ՀՀ-ում: Ո՞ր փուլում է այդ պայմանագիրը, ինչո՞ւ այդ պայմանագիրը մինչ այժմ ստորագրված չէ և արդյո՞ք այդ պայմանագրով նախատեսված է դրույթ, որով Հայաստանը համաձայնություն է տալիս, որ տեղեկատվություն կիսվի Բաքվի հետ:

168.am-ին ուղարկված պաշտոնական, սակայն հակիրճ ու ընդհանրական պատասխանում ասվում է, որ ԵՄ դիտորդական առաքելությունն իր գործունեությունն իրականացնում է 2023 թվականի հունվարի 23-ին ԵՄ խորհրդի կողմից ընդունված որոշմանը համապատասխան և դրանով նախատեսված մեխանիզմներով՝ ՀՀ ինքնիշխան տարածքում:

«Առաքելությունն իր գործառույթների իրականացման շրջանակներում մշտական կապի մեջ է ՀՀ համապատասխան գերատեսչությունների հետ, որոնք տեղեկացված են, որ, անվտանգության նկատառումներից ելնելով, ԵՄ առաքելությունն ադրբեջանական կողմին տեղեկացնում է միայն իր պարեկային երթուղու մասին»,- նշում է ՀՀ ԱԳՆ-ն:

Միևնույն ժամանակ ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ համապատասխան պայմանագրի կազմման և ԵՄ գործընկերների հետ քննարկման աշխատանքներն ընթացքի մեջ են:

ՀՀ ԱԳՆ պատասխանից ստացվում է, որ հայկական կողմը տեղյակ է այս տեղեկատվության փոխանցման մասին, հետևաբար տեղյակ է նաև, որ առաքելության նմանատիպ գործունեությունը կարող է բացարձակ անիմաստ լինել: Այս դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ ՀՀ կառավարությունը խնդիրներ ստեղծեց ՀԱՊԿ դիտորդների՝ ՀՀ-ում տեղակայման համար, և հրավիրեց ԵՄ դիտորդների, եթե նրանց ներկայությունն անվտանգային որևէ խնդիր չի լուծում Հայաստանի համար, նրանց ներկայությունը և գործունեությունը նման ձևաչափով չի կանխում ադրբեջանական սադրանքները, և ԵՄ դիտորդները չեն անում հասցեական հայտարարություններ:

Գլոբալ առճակատման և Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական սուր մրցավազքի իրավիճակում թերևս այս հարցի պատասխան գտնելը ամենևին բարդ չէ, և, ինչպես 168.am-ի մի շարք զրուցակիցներ են նշում, ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը ոչ այնքան ռեգիոնալ, որքան աշխարհաքաղաքական խնդիրներ լուծող որոշում էր:

Տեսանյութեր

Լրահոս