Իշխանությունն այս տարի կնշի իր հռչակած «Քաղաքացու օրը» 66 համայնքում՝ տարաբնույթ միջոցառումներով
Ընդամենը 2 օրից՝ ապրիլի 29-ին, Հայաստանում կնշվի «Քաղաքացու օրը»: Փաշինյանի և նրա թիմակիցների իշխանության գալուց շուրջ 1 տարի անց՝ 2019 թվականի մարտին, իրեն հեղափոխական հռչակած Կառավարությունը լրացում կատարեց «Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում» և ապրիլի վերջին շաբաթ օրը հռչակեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր»:
Կառավարությունից 168.am-ին փոխանցեցին, որ միջոցառման վերաբերյալ տեղեկատվությունը կարող ենք ստանալ ԿԳՄՍ նախարարությունից:
168.am-ը կապ հաստատեց ԿԳՄՍ նախարարության պատասխանատուների հետ, և մեզ պատասխանեցին, որ «Քաղաքացու օրը» նշվելու է տարաբնույթ միջոցառումներով.
«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում կատարված փոփոխությամբ 2019 թվականից ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր։ Քաղաքացու օրը քաղաքացիական երկխոսության օր է, երբ տարբեր սերունդներ միատեղվում են՝ հանրությանը հուզող հարցերը քննարկելու, քաղաքացիների և պետության անելիքները վերհանելու և կանխորոշելու համար։ Այդ նպատակով ապրիլի 29-ին ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում՝ ընդհանուր առմամբ 66 համայնքում կկազմակերպվեն միջոցառումներ։ Միջոցառումները բաղկացած են 2 մասից՝ բանախոսություն և մշակութային միջոցառում:
Բանախոսություններին կմասնակցեն 14-21 տարեկան պատանիներ և երիտասարդներ, որոնք հնարավորություն կունենան ոչ միայն լսել հրավիրված բանախոսին քաղաքացու ակտիվ դիրքորոշման, պետության զարգացման տեսլականի և երկրի զարգացման հարցում սեփական դերակատարումը գիտակցելու թեմաներով, այլ նաև ծավալել հետաքրքիր քննարկումներ: Հրավիրված բանախոսները կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների ներկայացուցիչներ են»:
Նշենք, որ «Քաղաքացու օրվա» միջոցառումների կազմակերպման համար 2019 թվականին Կառավարությունը 124 մլն դրամ էր հատկացրել, 2022-ին՝ 40 միլիոն: Թե որքան գումար է հատկացվել այս տարվա անցկացվելիք միջոցառումների համար, դեռ հայտնի չէ: