Գնել Սանոսյանն ընդունել է Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի նախագահի գլխավորած պատվիրակությանը
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի նախագահ Ժան-Պիեր Բարբիեի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, նախարարը ողջունել է հյուրերին և արձանագրել, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները շատ ջերմ են և արագընթաց տեմպերով զարգանում են։
Գնել Սանոսյանը կարևորել է ապակենտրոնացված համագործակցության ուղղությամբ իրականացվող աշխատանքները, որում յուրահատուկ դերակատարում ունի Իզերի և Գեղարքունիքի մարզի մեջև առկա համագործակցությունը։
Նախարարն արձանագրել է Իզերի դեպարտամենտի և Գեղարքունիքի մարզի միջև ստորագրված 2023-2027թթ.-ի համագործակցության նոր պայմանագրի կնքման փաստը և իր աջակցությունը հայտնել փաստաթղթում ամրագրված կետերը համատեղ կյանքի կոչելու հարցում։
Ժան-Պիեր Բարբիեն հավաստիացրել է, որ պատրաստակամ են ապակենտրոնացման շրջանակներում ամրապնդել առկա համագործակցությունը, ավելի ընդլայնել այն՝ ներառելով այլ ոլորտներ, այդ թվում առողջապահությունը։
Իզերի դեպարտամենտի նախագահը կարևորել է համատեղ իրականացվող ծրագրերը հնարավորինս արագ կյանքի կոչելու անհրաժեշտությունը։
Հանդիպման ժամանակ քննարկվել է պայմանագրով նախանշված ծրագրերի իրականացման ընթացքը, նոր ծրագրեր ներգրավելու հնարավորությունները։ Քննարկվել են նաև Գեղարքունիքի մարզում տուրիզմի՝ հատկապես քայլարշավային տուրիզմի զարգացման հեռանկարները, մարզում ֆրանսերենի ուսուցումը խթանելու, ինչպես նաև բազմաթիվ այլ ծրագրերի ընթացքը։