Հասարակության մեծ մասը շարունակում է աղքատանալ. մտահոգիչ պատկեր
Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները վերջին օրերին կրկին սկսել են խոսել տնտեսության մեջ արձանագրված «համաշխարհային» մակարդակի աճերից։ Այնպես, ինչպես խոսում էին 2019թ.։ Այն ժամանակ էլ հայտարարում էին, թե Հայաստանում գրանցվել է ամենաբարձր տնտեսական աճը եվրոպական ու Եվրասիական տնտեսական միության տարածաշրջաններում, ինչպես նաև հարևանների համեմատ։
Թե ինչ եղավ այդ տնտեսական աճի հետ, տեսանք ընդամենը մեկ տարի հետո։
Ի տարբերություն նույն եվրոպական ու Եվրասիական տնտեսական միության անդամ, ինչպես նաև հարևան երկրների, Հայաստանի տնտեսության աճը շատ արագ փլվեց։ Արձանագրվեց նույնքան կտրուկ անկում։
2020թ. տնտեսական անկման ցուցանիշով Հայաստանը վատագույններից մեկն էր աշխարհում։
Պատճառն այն էր, որ նախորդ տարի արձանագրված տնտեսական աճը շինծու էր և հիմնված չէր իրական տնտեսական զարգացումների վրա։
Դա երևաց նաև 2020թ. ճգնաժամին հաջորդած շրջանում, երբ ի տարբերություն բազմաթիվ, այդ թվում՝ հարևան երկրների, Հայաստանի տնտեսությունը չկարողացավ վերականգնվել։
Միայն անցած տարի հաջողվեց հետ բերել կորցրածը և նախորդ շրջանի ցածր բազայի վրա ապահովել բարձր տնտեսական աճ։ Այն էլ՝ գերազանցապես հայտնի գործոնների շնորհիվ։
Ի տարբերություն բազմաթիվ երկրների՝ ռուս-ուկրաինական հակամարտությունից ու Ռուսաստանի նկատմամբ կիրառված համատարած պատժամիջոցներից Հայաստանը շահած դուրս եկավ։ Դրա արդյունքում էլ արձանագրվեցին այն բարձր աճերը, որոնցով հիմա հպարտանում են իշխանություններն ու խոսում համաշխարհային մակարդակի տնտեսական աճի մասին։
«2022 թվականի արդյունքներով` Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 12,6 տոկոս տնտեսական աճ, և այս ցուցանիշով ՀՀ-ն, ինչպես նախորդ օրը պարզվեց միջազգային կազմակերպությունների հրապարակումներից, 4-րդն է աշխարհում, ինչը շատ կարևոր ցուցանիշ է»,- ասում է Նիկոլ Փաշինյանը։ Բայց, ինչպես միշտ, խուսափում է խոսել այդ աճի հիմքերի ու պատճառների մասին։ Չնայած դա բոլորին վաղուց արդեն պարզ է։
Չլիներ ռուս-ուկրաինական հակամարտությունը, չլինեին Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները, այն ժամանակ կերևար, թե ինչպիսին կլիներ տնտեսական աճը։ Կառավարության բախտը բերեց այնքանով, որ հակամարտությունը Հայաստանի համար վերածվեց հսկայական հնարավորությունների, չնայած այդպես էլ չօգտագործվեցին այդ հնարավորությունները՝ տնտեսության հիմքերը գոնե մի փոքր ամրացնելու համար։
Անցած տարի Ռուսաստանից մեծաքանակ ֆինանսական միջոցներ եկան։ Միայն ռուսական տրանսֆերտները հասան գրեթե 3,6 մլրդ դոլարի։ Չորս անգամով ավելի շատ, քան նախորդ տարի էր։ Ընդհանուր տրանսֆերտներն էլ կազմեցին 5,2 մլրդ դոլար։ Կրկնակի ավելի շատ, քան նախորդ տարի։
Այդքան հսկայական ֆինանսական հոսքերի պայմաններում ՀՆԱ-ն ավելացավ ընդամենը 1,5 տրիլիոն դրամով։ Եթե վերածենք դոլարի, անցած տարվա միջին փոխարժեքով՝ կստացվի 3,5 միլիարդ։
Դրանից ավելի գումար միայն Ռուսաստանից է եկել, չհաշված այլ երկրներից ստացված 1,6 մլրդ դոլարը։
Դեռ չենք ասում, որ 1,4 մլրդ դոլարով էլ պետական պարտքի հաշվին են գումարներ ներգրավել։
Այսքանից հետո հպարտանում են, թե բարձր տնտեսական աճ են ապահովել։
Տնտեսական աճի կառուցվածքից էլ խուսափում են խոսել։ Չեն ասում, որ այդ աճերի պայմաններում Հայաստանի տնտեսական աճի ու տնտեսության կառուցվածքը մի բան էլ վատացել է։ Տնտեսության աճն ապահովել են մեծամասամբ առևտուրն ու ծառայությունները։ Այդ երկու ճյուղերի հաշվին է եղել աճի 74 տոկոսը։
Արձանագրված 12,6 տոկոս աճից 9,3 տոկոսային կետը եղել է առևտրի ու ծառայությունների բաժինը։
Մեկ տարվա ընթացքում աճի մեջ ծառայությունների ու առևտրի կշիռն ավելի քան 10 տոկոսային կետով ավելացել է՝ 63,7-ից հասնելով 74 տոկոսի։
Տեղի է ունեցել տնտեսության ու տնտեսական աճի կառուցվածքի վատացում։ Այդպիսի կառուցվածքը լուրջ ռիսկեր է պարունակում։ Եվ դա տեսանք 2020թ. ճգնաժամի ժամանակ։
Նման գործոնների վրա հիմնված տնտեսական աճերով ոչ թե պետք է հպարտանալ, այլ լրջորեն մտահոգվել։ Դրանք այսօր կան, վաղը հաստատապես չեն լինելու։ Այնպես չէ, որ վերարտահանումների միջոցով ամեն անգամ այլ երկրներից ապրանքները բերվելու են մատակարարվեն ռուսական շուկա, ու դրանից Հայաստանի արտաքին առևտրի ցուցանիշներն անգամներով ավելանալու են։ Էապես մեծանալու է նաև այդ գործոնի ազդեցությունը տնտեսական աճի ցուցանիշների վրա։
Կամ ծառայությունները, որոնք անցած տարի աճեցին ավելի քան 28 տոկոսով ու կրկին դրսից թելադրված պահանջարկի արդյունքում։ Այդ պահանջարկը ձևավորվեց նրա շնորհիվ, որ Ռուսաստանից տասնյակ-հազարավոր քաղաքացիներ ժամանակավորապես հանգրվանեցին Հայաստանում։ Դրա արդյունքում էլ ծառայությունների որոշ հատվածներում բարձր աճեր գրանցվեցին։ Բարձր աճեր գրանցվեցին նաև ֆինանսական հատվածում՝ կապված կապիտալի հսկայական հոսքերը սպասարկելու հետ։
Ի տարբերություն առևտրի և ծառայությունների, տնտեսության իրական հատվածի ազդեցությունն աճի գործում շարունակում է շատ փոքր լինել։
Աշխարհում չորրորդը դարձած մեր տնտեսության 12,6 տոկոսանոց աճի գործում, որով այդքան հիացած է կառավարությունը, առևտրի ու ծառայությունների մասնակցությունը կազմել է՝ 9,3, տնտեսության մյուս բոլոր ոլորտներինը միասին՝ ընդամենը 3,3 տոկոսային կետ։ Գրեթե 3 անգամ քիչ։
Արդյունաբերությունը, էներգետիկայի հետ միասին, անցած տարվա 12,6 տոկոս տնտեսական աճին նպաստեցին՝ հազիվ 1,28, իսկ շինարարությունը՝ 1,23 տոկոսային կետով։ Գյուղտնտեսությունը նույնիսկ անկում գրանցեց, ինչի հետևանքով կրճատվել է նաև ՀՆԱ-ում տնտեսության այս առանցքային ճյուղի կշիռը՝ նախորդ տարվա 11,1 տոկոսից իջնելով 10,4 տոկոսի։
Տնտեսական աճի մեջ ոչ թե քանակը, այլ որակն է կարևոր։ Անցած տարի այն աճեց արտաքին պատահական գործոնների արդյունքում, այս տարի էլ գուցե նույնը լինի, բայց դա չի կարող հիմնավոր լինել տնտեսության աճի համար։ Դրանք ժամանակավոր գործոններ են, որոնք այսօր իշխանություններին թույլ են տալիս հպարտանալ իրենց կամքից անկախ առաջացած տնտեսական աճի ցուցանիշներով։ Վաղը կանգնեցնելու են ծանր խնդիրների առաջ։ Նաև բյուջեի եկամուտների առումով։
Ի դեպ, այն, ինչ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը սկսել է պտտել բյուջեի հարկային եկամուտների աճերի առումով, ևս բլեֆ է։ Բյուջեի եկամուտներն ավելացել են, չէին էլ կարող չավելանալ, նույնիսկ իշխանություններից կամքից անկախ պիտի ավելանային՝ թեկուզ վերջին տարիների նման բարձր գնաճի պարագայում, սակայն ավելացել են ոչ այնքան, ինչքան փորձ է արվում ներկայացնել։
«2022 թվականին 2017-ի համեմատ պետական բյուջեի հարկային եկամուտներն աճել են ավելի քան 2 մլրդ դոլարով»,- վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի հերթական նիստում, որը կարծես հրավիրվել էր հատուկ տնտեսության ու հարկային եկամուտների «համաշխարհային» աճերը հանրայնացնելու համար, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Մեկ այլ առիթով էլ օրերս հարկերի կրկնապատկումից էր խոսում։
Երկու դեպքում էլ ճիշտ չի ասում. Միտումնավո՞ր, թե՞ ոչ, բայց կեղծ տեղեկություն է մատուցում։
Այսպես՝ 2017թ. բյուջեի հարկային եկամուտները 1 տրիլիոն 158 մլրդ դրամ էին, 2022թ.՝ եղել են 1 տրիլիոն 926 մլրդ։ Տարբերությունը 768 մլրդ դրամ է, որը ոʹչ ավել է 2 մլրդ դոլարից, ինչպես հայտարարում է Նիկոլ Փաշինյանը, ոʹչ 2 միլիարդ դոլար է, և ոʹչ էլ առավել ևս՝ 2017թ. համեմատ բյուջեի եկամուտների կրկնապատկում։
Եվ ամենակարևորը՝ չնայած այսպիսի «համաշխարհային» տնտեսական աճերի՝ հասարակության մեծ մասը շարունակել է աղքատանալ։ Մարդիկ սկսել են ավելի վատ ապրել, նվազել է սպառում։ Սա էլ տնտեսական աճի արդյունքը, որը հասարակության մեծ մասը զգացել է իր վրա։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ