Ինչո՞ւ էր Գլխավոր դատախազությունը ցանկանում կոծկել ադրբեջանցի Ախունդովի կողմից կատարված ծանր հանցագործությունը, ո՞ւմ էր դա պետք. Դատախազության արձագանքը
Նախորդ շաբաթ տեղեկություն տարածվեց, որ ապրիլի 12-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Սպանվել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդ, 57-ամյա Հայրապետ Մելիքսեթյանը: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի զննությամբ մարմնի վրա հայտնաբերվել էր հրազենային 6 վնասվածք, այդ թվում՝ գլխի և որովայնի հատվածում: Եվ մինչ իրավասու պետական մարմինները որևէ տեղեկություն չէին հայտնում սպանություն կատարողի անձի վերաբերյալ, 168.am-ը որոշակի տեղեկությունների էր տիրապետում:
Մենք դեռևս ապրիլի 13-ին տեղեկացրել էինք, որ սպանությունը կատարել է Հայաստանի Սիսիան համայնքի բնակավայրեր ներթափանցած 2-րդ ադրբեջանցին:
«Եկել են Նախիջևանով, հասել Վահանավանքի վերևի աջ կողմի սարը, Շղարշիկ բնակավայրում էլ տեղի է ունեցել սպանությունը»,- ասել էր մեր աղբյուրը:
Ըստ նրա՝ սպանությունը կատարելուց հետո ադրբեջանցին վերցրել է ԶՊՄԿ-ի սպանված պահնորդի հեռախոսը, այդ հեռախոսով ուղիղ եթեր արել, սպառնացել հայերին ու հանգիստ հեռացել:
Մեր հրապարակումից շատ կարճ ժամանակ անց տեղեկություն ստացանք, որ տարածքի բնակիչները, ինչպես ասում են՝ սանրում են այն հատվածները, որտեղ կարող էր լինել սպանություն կատարած ադրբեջանցին: Մեզ ասացին, որ վերջինիս հետքերը կորել են Վերին Խոտանանի հատվածում:
Ի վերջո, 18-19 տարեկան պատանիները գտել ու վնասազերծել էին ադրբեջանցուն: Ադրբեջանցու հայտնաբերումից հետո մենք հրապարակեցինք նաև սպանված պահնորդի հեռախոսով կատարած՝ հանցագործ ադրբեջանցու ուղիղ հեռարձակման տեսագրությունը, հրապարակեցինք դրա բառացի հայերեն թարգմանությունը:
«Հայտարարում եմ ամբողջ աշխարհին։ Երդվում եմ միակ Աստծո անունով, մեզ արարող Աստծո անունով։ Եկել հասել են Հայաստան (մեջ)։ Հայերի արյուն ենք թափել։ 400-500 հայի գլուխ ենք կտրել։ Հիմա էլ դեռ ողջ ենք, չենք մահացել։ Աստված տա, չենք մահանա։ Եթե մահանանք էլ, մեր մեղքերին թողություն տվեք։ Մենք հայրենիքի դավաճան չենք, հայրենիքի արժանապատվությունը պահողն ենք»,- տեսանյութում ասում էր ադրբեջանցին:
Այդ ընթացքում Քննչական կոմիտեն ինքնամոռաց կերպով փորձում էր հերքել ադրբեջանցու մասնակցությունը ԶՊՄԿ պահնորդի սպանությանը:
«Բայց այս պահին հանցագործությունն ադրբեջանցիների կողմից կատարված լինելու վերաբերյալ քննությամբ որևէ տվյալ չի ստացվել և չունենք։ Եթե ենթադրություններից դուրս ոմանք կարող են իրենց հայտնի, որոշակիություն ունեցող տվյալներ ունենալ հանցագործությունն ընդհանրապես կատարողների վերաբերյալ, ապա կարող են ու պարտավոր են հայտնել վարույթն իրականացնող մարմնին»,- գրել էր ՔԿ մամլո խոսնակ Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում:
Թե ինչո՞ւ էր ՔԿ-ն հաղորդագրություն տարածում, երբ ադրբեջանցու գործն արդեն իսկ փոխանցվել էր Ազգային անվտանգության ծառայությանն (ԱԱԾ), ու հենց այդ մարմինն էլ իրականացնում էր նախաքննություն, թերևս, կիմանան միայն Արգիշտի Քյարամյանն ու նրա ենթակայությամբ աշխատողները:
Մի քանի օր լռելուց հետո վերջապես հաղորդագրություն տարածեց նաև Գլխավոր դատախազությունը: Ըստ դրա՝ Ադրբեջանի քաղաքացիներ Ագշին Գաբիլի Բաբիրովի ու Հուսեյն Ահլիմանի Ախունդովի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցված ՀՀ Քրեական օրենքսգրով սահմանված մի շարք արարքների համար, այն է՝ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելը, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելը և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի հրազեն պահելը և փոխադրելը:
Ինչպես ադրբեջանցի Ախունդովը, որն ապրիլի 17-ին մարդասպան չէր, 18-ին դարձավ մարդասպան. Դատախազության աճպարարությունն ու ԶԼՄ-ները
Մեր աչքից չվրիպեց այն, որ կալանավորված երկու ադրբեջանցիներից երկրորդին՝ Հուսեյն Ախունդովին առաջադրված մեղադրանքը մեկով ավելի էր, այսինքն՝ նա մեկ հանցանք ավելի էր կատարել, և դա 335-րդ հոդվածի երկրորդ մասով առաջադրված մեղադրանքն էր:
Հոդված 335. Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը
1. Ապօրինի կերպով հրազեն (բացառությամբ քաղաքացիական ողորկափող հրազենի, դրա փամփուշտների կամ դրա բաղկացուցիչ մասերի), դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը՝
պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից`
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:
168.am–ը դիմեց Գլխավոր դատախազություն՝ հասկանալու համար իրավական կազուսը. մեզնից պահանջեցին գրավոր հարցում: Ուղարկեցինք հենց ապրիլի 17-ին՝ հաղորդագրությունը տարածելու օրը:
Ակնհայտ էր, որ 335-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքը կապ ունի ԶՊՄԿ պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանի սպանության հետ:
Միևնույն ժամանակ Հուսեյն Ախունդովին դիտավորյալ սպանության հոդվածով մեղադրանք առաջադրված չէր. ուրեմն ի՞նչ կապ կարող էր լինել ադրբեջանցու կողմից 335-ի 2-րդ մասով կատարած ենթադրյալ հանցանքը Հայրապետ Մելիքսեթյանի սպանության հետ:
Գլխավոր դատախազությանը, կրկնում ենք, ապրիլի 17-ին տվել էինք հետևյալ հարցերը՝
Եթե Հուսեյն Ախունդովին առաջադրված չէ մեղադրանք սպանության հանցակազմով, ի՞նչ կապ ունի ԶՊՄԿ-ում սպանված մարդու մահը վերջինիս հետ: Ինչպե՞ս կարող էր Հուսեյն Ախունդովը ԶՊՄԿ տարածքում անզգուշությամբ մարդու մահ առաջացնել, երբ այդ մարդու մարմնի վրա հայտնաբերվել է հրազենից արձակված 6 կրակոցի հետք:
Ո՞ւմ հեռախոսով է Հուսեյն Ախունդովը ուղիղ հեռարձակում ապահովել, որում խոսում էր հարյուրավոր հայերի սպանության մասին:
Վարույթն իրականացնող մարմնի կողմից հայտնաբերվե՞լ է արդյոք սպանված Հայրապետ Մելիքսեթյանի հեռախոսը. արդյո՞ք այն եղել է Հուսեյն Ախունդովի մոտ, եթե ոչ, ապա որտե՞ղ է այն եղել:
Մեր և, հնարավոր է, նաև այլ ԶԼՄ-ների հարցումը ստանալուց հետո Գլխավոր դատախազությունը, այլևս չկարողանալով որևէ կերպ թաքցնել իրողությունը, դարակազմիկ որոշում է կայացնում՝ ոչ թե հարցման պատասխանն ուղարկել հասցեատիրոջը, այլ տարածել հաղորդագրություն:
Արդեն ապրիլի 19-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է. «Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Հուսեյն Ախունդովը 2023 թվականի ապրիլի 12-ին, հասնելով Սյունիքի մարզի Կապան համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ պահակակետ, նշված պահակակետի պահպանությունն իրականացնող՝ ՀՀ քաղաքացի Հ.Մ.-ի բջջային հեռախոսն ու մեքենան հափշտակելու շահադիտական դրդումներով, հետագայում դարձյալ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելով Իրանի Իսլամական Հանրապետություն հասնելու հանցավոր արարքի կատարումը հեշտացնելու, ինչպես նաև ազգային ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի շարժառիթով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակոցներ է արձակել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի պահպանությունն իրականացնող և պահակակետի մոտ գտնվող ՀՀ քաղաքացի Հ.Մ.-ի ուղղությամբ: Հ.Մ.-ն ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Այնուհետև, Հուսեյն Ախունդովն իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու ուղղակի դիտավորությամբ հափշտակել է Հ.Մ.-ի մարմնի կողքն ընկած բջջային հեռախոսը, ծխախոտն ու կրակայրիչը, փորձել գործարկել կայանված մեքենայի շարժիչը, սակայն չկարողանալով՝ դիմել է փախուստի: Ախունդովը, հեռանալով դեպքի վայրից, հափշտակված բջջային հեռախոսի միջոցով նկարահանել է տեսաուղերձ՝ նշելով. «(…) փառք Աստծո հաջողությամբ հասել ենք Հայաստան և գլխատել 400-ից 500 հայերի, մենք դավաճան չենք, և հույս ունենք հաջողությամբ վերադառնալ Ադրբեջան (…)»: Այնուհետև, Ախունդովը հափշտակված բջջային հեռախոսում ներբեռնել է համացանցային հավելված և նկարահանված տեսաուղերձը հրապարակել սոցիալական ցանցի իր էջում: Դրանից հետո, Ախունդովը ոտքով գնացել է Սյունիքի մարզի Աճանան գյուղի ուղղությամբ և 2023 թվականի ապրիլի 13-ին հայտնաբերվել է պատահական անցորդների կողմից, ովքեր, պարզելով նրա՝ Ադրբեջանի զինված ուժերի ծառայող լինելու հանգամանքը, վնասազերծել են նրան և հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին»,- ասված էր պաշտոնական հաղորդագրության մեջ:
Սա այն է, ինչ 168.am-ը գրել էր դեռևս ապրիլի 13-ին, և թե ինչ հրաշքով ապրիլի 17-ի հաղորդագրությունից 1 օր անց 335-ի 2-րդ մասը լրացվեց ու դարձավ նաև այլ հանցանքի կատարումը հեշտացնելու նպատակով և ազգային ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի շարժառիթով ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու հանրորեն վտանգավոր արարք (ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ, 340-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ, 335-րդ հոդվածի 2-րդ մաս և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ, 13-րդ և 15-րդ կետեր), կիմանան միայն գլխավոր դատախազության հեքիաթասացները:
Ի դեպ, մեզ պատշաճ կերպով տեղեկացրել էին, որ հարցերի պատասխաններն արդեն իսկ հաղորդագրության տեսքով հասանելի են:
Հիմա հարց՝ ինչո՞ւ էր Գլխավոր դատախազությունն ամեն կերպ ցանկանում կոծկել ադրբեջանցի Հուսեյն Ախունդովի կողմից կատարված ծանր հանցագործությունը, ո՞ւմ էր դա պետք, որովհետև երբ ունենք վերջնական ուժի մեջ մտած դատավճռով ադրբեջանցի մարդասպան հանցագործ-դիվերսանտների՝ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի օրինակը, երբ իշխանության գալուց կարճ ժամանակ անց առանց դատարանի վճռի Նիկոլ Փաշինյանը նրանց տվեց Ադրբեջանին, առնվազն ողջամիտ կասկած է առաջանում՝ արդյո՞ք նպատակը նրանց վերադարձը չէ թշնամի պետությանը, հատկապես որ, Ադրբեջանը հրապարակայնորեն պահանջել է դա ՀՀ իշխանություններից:
Իսկ հնարավո՞ր է, որ Նիկոլ Փաշինյանն էր հրահանգել կոծկել ադրբեջանցու կողմից ԶՊՄԿ պահնորդին սպանելու դրվագը, և նրան ամեն ինչ զեկուցող գլխավոր դատախազն էլ համենայն դեպս փորձել էր դա անել:
Եվ վերջում. ֆուտբոլում հաղթող թիմը, երբ ուզում է խաղն ամեն կերպ հաղթանակով ավարտել, ժամանակ ձգելու համար սկսում է գնդակ խաղարկել: Ճիշտ նույն կերպ վարվում է ՀՀ գլխավոր դատախազությունը Նիկոլ Փաշինյանի կամքը կատարելու համար:
Հ.Գ. Նյութը հրապարակվելուց հետո Գլխավոր դատախազությունից ստացանք պարզաբանում թեմայի վերաբերյալ : Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը նշեց, որ մեկօրյա տարբերությամբ հաղորդագրությունների հրապարակման մյուս կարևոր պատճառը հանրությանը ճշտված և մանրամասն տեղեկություն տրամադրելու ցանկությունն էր: Դատախազության պարզաբանումը ներայացնում ենք ստորև:
«Գլխավոր դատախազության կողմից մեկօրյա տարբերությամբ հաղորդագրությունների հրապարակման պատճառը գործերը միացնելն ու նախաքննությունը իրավապահ մեկ մարմնին հանձնարարելն էր: Մասնավորապես՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ պահակակետի պահպանությունն իրականացնող՝ ՀՀ քաղաքացու սպանության դեպքի կապակցությամբ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն իրականացվում էր Քննչական կոմիտեում, իսկ սահմանն ապօրինի հատելու և զենքի մաքսանենգության մյուս դրվագներով վարույթը՝ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում: Երբ Ադրբեջանի քաղաքացիներն արդեն ձեռք են բերում մեղադրյալի կարգավիճակ, Քննչական կոմիտեում գտնվող վարույթը (քննիչի կողմից միջնորդությունը ստանալու հենց նույն օրը) ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ և նախաձեռնությամբ միացվում է ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում քննվող վարույթին: Մեկօրյա տարբերությամբ հաղորդագրությունների հրապարակման մյուս կարևոր պատճառը հանրությանը ճշտված և մանրամասն տեղեկություն տրամադրելու ցանկությունն էր»: